Ավստրալիացի գիտնականները պարզել են, որ որքան ավելի մեղեդային է զարթուցիչի ձայնը, այնքան ավելի հեշտ ու արդյունավետ է մարդը դրա տակ արթնանում։ Հետազոտությունը հրապարակվել է Plos One պարբերականում։
Մասնագետները հետևել են, թե ինչպես են զարթուցիչի տարբեր ազդանշաններն ազդում 50 կամավորների առույգության կամ քնկոտության վրա։ Դիտարկվել է, թե որքան արագ է անցնում քնի իներցիան՝ արթնանալուց հետո «անջատված» վիճակը, որը կարող է մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ տևել։
Ազդանշանի բարձրությունն ու տևողությունը չէր ազդում մասնակիցների վիճակի վրա։ Գլխավոր չափանիշը, որը նրանց ամենալավն էր արթնացնում, ավելի առույգ էր դարձնում և աշխատունակ, ձայնի մեղեդայնությունն է պարզվել։ Միևնույն ժամանակ, կտրուկ և տհաճ ձայները, ընդհակառակը, մեծացնում էին քնի իներցիայի տևողությունը։
Գիտնականները գտնում են, որ նման կտրուկ ձայները վատ են արթնացնում մարդուն իրենց անբնականության պատճառով․ դա բացասաբար է ազդում մարդու ուղեղի աշխատանքի վրա, որի արդյունքում որոշ ժամանակ է պահանջվում վերականգնվելու համար։