Քնի պարալիզը վիճակ է, երբ մարդու մկաններն անշարժանում են մինչ քուն մտնելը կամ արթնանալիս: Մարդը նման պարագայում լինում է գիտակից և զգում է, որ չի կարողանում խոսել ու շարժվել: Նոպաների դեպքում հնարավոր են նաև հալյուցինացիաներ և ուժգին վախեր: Նոպաները, որպես կանոն, տևում են մի քանի րոպե, սակայն երբեմն լինում են կրկնվող:
Մարդու ուղեղը քնի պարալիզի դեպքում արթնանում է արագ քնից, սակայն մարմնի պարալիզը պահպանվում է որոշ ժամանակ:
Այս վիճակի առավել տարածված նշաններն են վախի զգացումը, ճնշումը կրծքավանդակի հատվածում կամ դժվար շնչառությունը, օտար մարդու ներկայության զգացողությունը: Մարդիկ քնի պարալիզի դեպքում փորձում են ամեն կերպ արթնանալ, սակայն դա նրանց մոտ չի ստացվում: Լսվում են ձայներ, ոտնաձայներ, սենյակում երևում են մարդիկ կամ ուրվականներ: Դեպքերի մեծ մասի ընթացքում մարդը պարզապես ունակ չի լինում աչքերը բացելու: Մոլորակի բնակչության 20-40%-ը կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ ունենում է քնի պարալիզ: Քնի պարալիզի ժամանակ ի հայտ եկող հոգեբանական ախտանշաններն են վախն ու անհանգստությունը՝ պայմանավորված հարձակվող երևակայական կերպարով: Մարդու մոտ զարգանում է «պայքարել կամ փախչել» ռեակցիան և տագնապային դրդվածություն: Երբ մարդը փորձում է «փախչել» պարալիզից՝ սոմատիկ ախտանշաններն ու դրդվածությունն ավելի են սրվում: Շարժողական ֆունկցիայի բացակայությունը հանգեցնում է մարմնում ճնշման զգացողության, վերջույթներում ցավի և սպազմի զարգացման:
Քնի պարալիզը տհաճ երևույթ է, սակայն, ըստ ժամանակակից պատկերացումների, անվնաս: Մահանալու կամ խելագարվելու վախը, որը հաճախ ունենում են քնածները, անհիմն է: Հասարակության շրջանում երևույթն առավել հայտնի է որպես «ծեր կախարդի սինդրոմ»: