1992թ․ վերջին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը երկրում արհեստականորեն հրահրեց սահմանադրական ճգնաժամ։ Առերևույթ պատճառն այն էր, որ երկրի խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը, քննադատում էր կառավարության տնտեսական քաղաքականությունը։ Խորքային պատճառն այն էր, որ բացարձակ, միահեծան իշխանության ձգտող Ելցինին պետք չէին ո՛չ խորհրդարանը, ո՛չ խորհրդարանական հանրապետությունը։ Բանակցությունների ժամանակ Ելցինն ուղղակի պահանջում էր, որ խորհրդարանի լիազորությունների զգալի մասը փոխանցվեն նախագահին։
1993թ․ մարտի 20-ին Ելցինը հայտարարում է, թե ստորագրել է Սահմանադրության գործողությունը դադարեցնող հրաման։ Իրականում չէր ստորագրել և այդ հայտարարությունն արել էր ճգնաժամը խորացնելու նպատակով։
Ռուսաստանի Սահմանադրական դատարանը դրան ի պատասխան հայտարարում է, որ նախագահի այդ գործողությունները հիմք են պաշտոնանկության համար, և Գերագույն խորհրդում սկսվում է իմփիչմենթի գործընթաց, որը, սակայն, տապալվում է, քանի որ ընթացքում պարզվում է, որ Ելցինը խաբել էր ու նման հրաման չի արձակել, և մի քանի տասնյակ դեպուտատ փոխում են իրենց մտադրությունը։
Որպեսզի պարզ լինի իրավիճակը․ Ելցինի իմփիչմենթին կողմ քվեարկել էին 617, դեմ՝ 268 պատգամավոր։ Իմփիչմենթի համար անհրաժեշտ էր 689 ձայն։
Այս ամենի արդյունքում որոշվում է հանրաքվե իրականացնել, որին միաժամանակ 4 հարց է դրվում քվեարկության․
1․ Վստահո՞ւմ եք Ելցինին (հավաքեց 58․7% «այո»)։
2․ Համաձա՞յն եք կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության հետ (հավաքեց 53% «այո»)։
3․ Նախագահի արտահերթ ընտրություն ուզո՞ւմ եք (հավաքեց 49.5% «այո»)։
4․ Խորհրդարանի արտահերթ ընտրություն ուզո՞ւմ եք (հավաքեց 67.2% «այո»)։
Ընդ որում՝ 4 հարցը տարբեր ստատուսներ ունեին և ընդունման համար տարբեր քանակի կողմ ձայներ էին պահանջում։ Արդյունքում ընդունվեցին միայն առաջին 2-ը, իսկ 4-րդը, չնայած 67.2% կողմին, չընդունվեց։
Մեծ հաշվով կողմերն իրենց նպատակին չհասան։ Ելցինը որոշեց գնալ այլ ճանապարհով։ Մայիսի 20-ին սահմանադիր ժողով ստեղծեց նոր Սահմանադրություն գրելու նպատակով։ Երբ նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ էր, Ելցինը սեպտեմբերի 21-ի հրամանագրով արձակեց Գերագույն խորհուրդն ու նշանակեց Պետական դումայի ընտրություններ՝ ուղղակիորեն խախտելով գործող Սահմանադրությունը։ Միաժամանակ ապօրինի կերպով պաշտոններից հեռացվեցին Ելցինի կողմից չվերահսկվող պաշտոնյաներ, օրինակ՝ գլխավոր դատախազը։
Սա արդեն Սահմանադրական ճգնաժամի պիկն էր, որն ավարտվեց հոկտեմբերի 3-4-ին Գերագույն խորհուրդն ուժով ցրելով։ Բառացիորեն տանկերը Մոսկվայում կրակում էին խորհրդարանի շենքի վրա, Ելցինին ենթարկվող զորամիավորումները մարտական զենքից կրակահերթեր էին արձակում Գերագույն խորհրդի պաշտպանների վրա։ Մինչև այժմ էլ ստույգ հայտնի չէ, թե քանի մարդ է զոհվել այդ օրերին։ Անգամ պաշտոնական տվյալները տատանվում են 124-187 թվերի միջև։
Այս գործընթացների արդյունքում Բորիս Ելցինը ստացավ գործնականում անսահմանափակ իշխանություն։ Ռուսաստանն ամբողջությամբ ընկղմվեց 90-ականների մեջ, իսկ դեռ ապրիլյան հանրաքվեին կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությանն «այո» ասած 53%-ը մյուս 47%-ի հետ միասին հնարավորություն ստացան վայելելու այդ քաղաքականության ողջ քաղցրությունը։
Ինքը՝ Բորիս Ելցինը, չնայած այս ամենին, չնայած 90-ականներին, չնայած չեչենական խայտառակությանը, այսօր էլ ռուս «առաջադեմ մտավորականության» համար սրբապատկեր է։ Այն նույն «առաջադեմ մտավորականության», որը սիրում է խոսել մարդու իրավունքների ու ազատությունների մասին, ու որը չի սիրում Պուտինին, որովհետև, վիձիծե լի, անձնական իշխանության համար սահմանադրություն է փոխում։