Չինաստանի իրավապահ մարմինները բացահայտել են խարդախության հազարից ավելի գործ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, ձերբակալված է արդեն 294 մարդ: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարության տարածած հայտարարության մեջ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Այս պահի դրությամբ հասարակական անվտանգության մարմիններն ամբողջ երկրում հայտնաբերել և բացահայտել են խարդախության 1116 գործ, ձերբակալված է 294 մարդ, հաջողվել է ավելի քան 6,6 միլիոն յուան բռնագանձել հափշտակված միջոցներից»,- ասված է հասարակական անվտանգության նախարարության հայտարարության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ իրավապահ մարմիններին հաջողվել է բացահայտել խարդախության երեք հիմնական սխեմա: Ամենից հաճախ հանցագործներին հաջողվել է հարստանալ պաշտպանադիմակների դեֆիցիտի հաշվին․ այսպես, նրանք հայտարարություն են արել, թե կարող են դիմակներ գնել կամ էլ պահեստում ունեն անհրաժեշտ ապրանքներ, սակայն վճարն ստանալուց հետո խաբեբաները կա՛մ պարզապես արգելափակել են գնորդների համարներն ու սոցցանցերը, կա՛մ էլ պատճառներ են գտել հրաժարվելու ապրանքի առաքումից:

Մյուս սխեմայով խաբեբաները ներկայացել են որպես բարեգործական կազմակերպություններ՝ հայտնելով, թե միջոցներ են հանգանակում հիվանդության տարածման դեմ պայքարելու համար, սոցցանցերում ստեղծել են կեղծ վեբ-կայքեր և էջեր, բայց նվիրատվություններն ստանալուց հետո անհետացել են:

Նաև խարդախները խաբեության միջոցով փողեր են շորթել տարբեր մեսենջերների խմբերում՝ իբր կորոնավիրուսի դեմ պայքարին օգնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել