Սահմանադրության փոփոխության նախագիծը և Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իրականացվող հերթական սթերս-թեստ՝ ուղղված «հորդորելու» նրանց ներկայացնելու վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու դիմումները։
Փաստաբան գործընկերներս կհամաձայնվեն, որ այս օրերին օրենսդիր մարմնում իրականացվող հակաիրավական գործընթացը շատ նման է վերջին մեկ տարվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից իրականացվող «տարերային խուզարկություններին», երբ հաճախ չունենալով որևէ ապացույց պոտենցիալ մեղադրյալի դեմ՝ նրա բնակարանում ու աշխատասենյակում իրականացվում են խուզարկություններ՝ փորձելով հոգեբանական ճնշումներ գործադրել վերջինիս հանդեպ։
Ներկայացնելով դատավորներին համար սոցիալական որևէ երաշխիք չնախատեսող Սահմանադրության փոփոխության նախագիծը՝ Սահմանադրական դատարանի դատավորներին «հորդորում են»՝ ներկայացրեք ազատման դիմումներ և օգտվեք վաղաժամկետ կենսաթոշակի օրինագծով նախատեսվող սոցիական երաշխիքներից։
Այո, ամենայն հավանակությամբ Սահմանադրության փոփոխության նախագիծն այսօր ընդունվելու է առաջին ընթերցմամբ։ Սակայն հասկանալով միջազգային կազմակերպություններից սպասվելիք կոշտ արձագանքը և գիտակցելով խորհրդարանական ընդդիմության և Հանրապետության նախագահի հնարավոր հակաքայլերը՝ իշխանությունները հաստատապես ձեռնպահ են մնալու Սահմանադրության փոփոխության նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկելու համար արտահերթ նիստ հրավիրելուց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել