Operativ.am-ը գրում է.

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի նստավայրում Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը փետրվարի 3-ին հանդիպել է վարչապետ Նգույեն Սյուան Ֆուքի (Nguyễn Xuan Phuc) հետ:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ողջունելով դեսպանին՝ վարչապետ Ֆուքը նշել է, որ երկու երկրների միջև առկա է փոխըմբռնման դրական մթնոլորտ և ընդգծել այլ բնագավառներում, մասնավորապես՝ առևտրա-տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:

Դեսպան Կաժոյանը, շնորհակալություն հայտնելով Վիետնամի վարչապետին ընդունելության համար, շնորհավորել է նրան Վիետնամի Կոմկուսի հիմնադրման 90-ամյակի, ՄԱԿ-ի ԱԽ անդամակցության և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԷԱՆ) նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Վահրամ Կաժոյանն անդրադարձել է հայ-վիետնամական համագործակցության առաջնահերթ կետերին, այդ թվում նաև մշակութային, զբոսաշրջային ու այլ բնագավառներում գործակցությանն առնչվող հարցերի: Հայաստանի դեսպանը նշել է, որ հայկական ընկերությունների կողմից կա մեծ հետաքրքրություն մասնակցելու 2020 թվականի Վիետնամ ԷՔՍՊՕ-ին, ինչը լավ հիմք կարող է դառնալ հայկական ապրանքների արտահանման համար ոչ միայն Վիետնամ, այլ նաև ԱՍԷԱՆ-ի ողջ տարածաշրջան:

Հանդիպմանը մասնակցել են ՎՍՀ արտաքին գործերի, արդյունաբերության ու էկոնոմիկայի և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել