Ամեն ինչ սկսվեց 2012 թ. օգոստոսին Ֆրանսիաայի արևելքում՝ Ռիբովիլ քաղաքում։ Այդ ժամանակ տեղի մեղվաբույծները հայտնաբերեցին, որ փեթակները լի են փիրուզագույն գույն ունեցող զանգվածով։ Ապշելով նման երևույթի ականտես լինելուց՝ նրանք փորձեցին գտնել պատճառն այն բանի, որ մեղուները սկսել են արտասովոր մեղր արտադրել։
Երեք շաբաթ շարունակ նրանք փնտրեցին պատճառը, և, վերջիվերջո, հետազոտությունները նրանց մոտեցրին կենսագազային սարքավորմանը, որը տեղակայված էր փեթակներից 4 կմ հեռավորության վրա։ Մեղվաբույծները նկատեցին, որ մեղուները մոտենում են ինչ-որ անհասկանալի նյութի։ Ինչպես հետագայում պարզ դարձավ, այդ նյութը ոչ այլ ինչ էր, քան «Mars» ընկերության գործարանի կողմից արտադրվող «M&M’s» կոնֆետների արտադրությունից առաջացող թափոններ։ Փաստորեն, մեղուները դեմ չէին քաղցր կոնֆետների մնացորդները ճաշակել։
Թե ստացված մեղրը ինչ համ է ունեցել՝ հայտնի չէ։ Սակայն պարզ է միայն այն, որ փարիզեցիներին այդպես էլ հնարավորություն չի տրվել նախաճաշին իրենց կրուասանների վրա կապույտ մեղր քսել, քանի որ այդ արտադրանքը ճանաչել են օգտագործման համար ոչ պիտանի և արգելել են դրա վաճառքը։ Քանի որ մեղուների թվաքանակը ողջ աշխարհում արագորեն նվազում է, իսկ Ֆրանսիան համարվում է Եվրոպայի առաջատար մեղրարտադրող երկրներից մեկը, այս լուրն այնքան էլ բարի չի եղել տեղի մեղվաբույծների համար, որոնց չի հաջողվել ապահովել պահանջարկը։
Նման մի դեպք պատահել է նաև Բրուքլինում։ Հարյուրավոր փեթակներից հայտնաբերվել է վառ կարմիր երանգ ունեցող մեղր, և պատճառը եղել է այն, որ մեղուները «օգտվել են» մոտակայքում գտնվող գործարանի կողմից արտադրվող բալի հյութից։
Որպես կանոն մեղրի գույնը տատանվում է անգույնից մինչև մուգ շագանակագույն՝ կախված հավաքման ժամանակահատվածից, բույսերի տեսակներից և այլ հանգամանքներից։ Սակայն առանց որևէ քիմիական հավելման այն երբեք չի կարող վառ գույն ընդունել։
Իսկ ահա փաստը, որ մեղուները գայթակղվում են շաքարի արհեստական աղբյուրներով, անհանգստության տեղիք է տալիս։ Երբ մեղուները սկսում են սնունդ ստանալ ոչ ավանդական աղբյուրներից, դա խոսում է այն մասին, որ շրջակա միջավայրում ռեսուրսները նրանց պարզապես չեն բավականացնում։



