ԱՄՆ-ում, առավել կոնկրետ՝ Բոստոնում, աֆրոամերիկացիների շրջանում նորաձև ու տարածված է դարձել նորածիններին Կոմիտաս անունը տալը։ Երբ հետաքրքրվողները փորձել են հասկանալ, թե ինչպես է անունը նորաձև դարձել, պարզ է դարձել, որ տեղի հայկական համայնքը Բոստոնի թաղամասերից մեկում Կոմիտասի արձանն է տեղադրել։ Այդ շրջանը դարձել է սևամորթ երիտասարդության սիրելի վայրը, որտեղ նրանք հավաքվում են երեկոյան, միացնում մագնիտոֆոնը և ռեպ կարդում, պարում։
Եվ այդպես, երբ հերթական երիտասարդ ու նորաթուխ ծնողներին հարցրին, թե որդու անունն ինչու են Կոմիտաս դրել, նրանք պատասխանեցին. «Մեզ մոտ սևամորթ մարդու մի արձան են տեղադրել (Կոմիտասի արձանը պատրաստված է սև գրանիտից)։ Եթե արձանը տեղադրել են, ուրեմն՝ նա արժանավոր մարդ է եղել։ Աֆրիկայում մեր նախնիները մի ասացվածք ունեին. «Ինչպես անվանես լաստին, այնպես էլ այն կլողա»։ Մեր որդին ևս թող կրի Կոմիտաս անունը և արժանավոր մարդ դառնա»։



