Armdaily.am-ը գրում է.
Երեկ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ArmDaily.am-ի տեղեկություններով՝ համազեկուցողներին զայացրել է այն, որ իշխանական խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր էջում տեղադրել է հայտարարության՝ իշխանության համար շահեկան հատվածները՝ անտեսելով բուն բովանդակությունը, համազեկուցողների հայտնած մտահոգությունները, խիստ գնահատականները եւ տպավորություն ստեղծելով, թե Հայաստանի մասին դրական հայտարարությամբ են հանդես եկել։
Մեր տեղեկություններով՝ ԵԽԽՎ պատվիրակության «Իմ քայլի» ներկայացուցիչները չափազանց ճնշված են հայտարարությունից, որում, մասնավորապես, նշվում է, որ իշխանությունը պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում։ «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը։ Բոլոր ինստիտուտները պետք է գործեն օրենքի գերակայությամբ և հարգեն միմյանց իրենց գործերով և խոսքով, գլխավորապես պահպանելով անմեղության կանխավարկածի սկզբունքը: Եթե նրանք չկարողանան համագործակցել այս սկզբունքներով, ապա նրանք քայքայում և վնասում են միմյանց, ուստի մենք անհանգստացած ենք երկարաժամկետ վնասների անդառնալիությունից, որոնց կարող են հանգեցնել այդ լարվածությունը, դա կարող է պատճառ դառնալ ողջ դատական իշխանությունների տապալմանը, որի նկատմամբ վստահությունն արդեն շատ ցածր է»։
Մյուս կողմից էլ՝ եվրոպական կառույցների հետ աշխատանքի փորձ ունեցող գործիչները չեն զարմանում այս հայտարարությունից, քանի որ մեր երկրում ՍԴ-ի եւ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը, ռեպրեսիաները չեն կարող անարձագանք մնալ։