Մարտի 2-ին Իսրայելում կայանալիք՝ վերջին 1 տարվա ընթացքում արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ այդ երկրում և նրանից դուրս վարչապետի բարեկամների կողմից արվում է ամեն հնարավորը, որպեսզի Նեթանյահուին հաջողվի պահպանել վարչապետի աթոռը, այլապես նրան կարող են սպառնալ անփառունակ քաղաքական «վախճանը» և բանտը:
Այդ նպատակով՝
1. Նեթանյահուի ներկայությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 28-ին՝ հենց մինչև ընտրությունները, հրապարակեց իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը միտված իր վարչակազմի հեղինակած ծրագիրը՝ «Դարի գործարքը»: Չնայած ծրագրի հաջողելու գրեթե զրոյական հավանականությանը, այդուհանդերձ, Իսրայելի ներսում Թրամփի նման քայլը և ,առհասարակ, ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակը հանրությանը հիմնականում ներկայացվում է որպես Բ. Նեթանյահուի անձնական ջանքերի արդյունք:
2. Վաշինգտոնից վերադառնալիս Նեթանյահուն այցելեց Մոսկվա: Այստեղ, ՌԴ բարձրագույն իշխանությունների հետ անցկացրած բանակցություններից բացի, Նեթանյահուն նաև ներկա գտնվեց 2019թ. հոկտեմբերին թմրանյութ կրելու մեղադրանքով Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված և 7,5 տարի ժամկետով դատապարտված Իսրայելի քաղաքացի Նաամա Իսահարի՝ անձամբ Վ. Պուտինի կողմից ներման արարողությանը, ով հայրենիք ժամանեց վարչապետի հետ նրա իսկ ինքնաթիռով: Օդանավակայանում «ազատարար» վարչապետին դիմավորեցին «Նեթանյահու արքա» կոչերով:
Ինչ խոսք, բավական բարդ է կանխատեսել, թե նշված բավականաչափ կարևոր և հնչեղ քայլերն ինչպիսի ազդեցություն կունենան Նեթանյահուի վարկանիշի վրա, մանավանդ, երբ նրա դեմ կոռուպցիոն մեղադրանքներով հարուցված 3 քրեական գործերն արդեն իսկ ուղարկվել են դատարան: