«Միսս Տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթի հաղթող Դայանա Դավթյանը խոստովանում է, որ առավոտյան արթնացել է, նայել հայելու մեջ և ասել. «Դու արեցիր դա, դու հասար քո երազանքին»: Գուցե հենց երազանքին հասնելու միտքն է գեղեցկուհուն օգնել իր օրինակով ոգեշնչել շատերին: BlogNews.am-ի հետ զրույցում Դայանան պատմել է, որ զբաղվում է բարեգործական աշխատանքներով և այժմ «Ակունք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

«Մինչև մրցույթին մասնակցելը նպատակ ունեի բարեգործական արշավների մասնակցելու: Երբ հաղթեցի, այդ միտքս ավելի ամրապնդվեց, որովհետև քիչ թե շատ հանրային մարդկանց խոսքը և գործունեությունն ավելի ազդեցիկ են լինում: Որոշել էի բարձրաձայնել հայ կանանց իրավունքները, այն կանանց, ովքեր ավելի անինքնավստահ են: Ցավոք, չստացվեց իրագործել, բայց փոխարենը մասնակցում եմ այլ բարեգործական ակցիաների: Հիմա «Ակունք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների անդամ եմ: Հիմնադրամում չորս հոգի ենք դեռևս, այնպիսի մարդիկ, ովքեր ի սրտե անում են իրենց աշխատանքները: Շատ ծրագրեր ունենք անապահով երեխաների, ծերերի, հաշմանդամություն ունեցող երեխաներին օգնելու համար»:

Դայանան պատմում է, որ սիրում է երեխաների հետ շփվել, փորձում է ոգեշնչել նրանց և օգնել հավատալ, որ նրանք ամենալավն են, խելացի և կարող են հասնել իրենց երազանքներին. «Նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի գտնելու կյանքում իր տեղը և դառնալու լավ մասնագետ: Ինձ տեսնելով, իմ հետ շփվելով՝ նրանց փորձում են պատմել, թե ինչ դժվարությունների միջով են անցել: Այդ ամենից ես ոգեշնչվում եմ, գուցե նրանցից մի քանիսը որոշեն «Միսս Հայաստանին» էլ մասնակցել»:

Գեղեցկուհու հետ խոսեցինք նոր առաջարկների մասին. «Թե՛ մրցույթից առաջ, թե՛ հետո գեղարվեստական ֆիլմերում, սերիալներում, տեսահոլովակներում նկարահանվելու շատ առաջարկներ եմ ստանում, առաջարկ ունեմ նաև մասնակցելու «Միսս Երկիր» հեղինակավոր մրցույթին: Գուցե մի օր մասնակցեմ, պարզապես հիմա կարևոր է ուսումս, որը համատեղում եմ կատարածս բարեգործական ակցիաների հետ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել