«Միսս Տիեզերք» մրցույթին մասնակցած Դայանա Դավթյանը հայկական ազգային տարազը ներկայացնելուց հետո քննադատությունների է արժանացել: Աղջկան մեղադրել են այն չափազանց լուրջ ներկայացնելու մեջ: Թեման այնքան է թեժացել, որ արձագանքել են ինչպես հագուստի դիզայները, այնպես էլ Գոհար Հարությունյանը և Դայանան: Այսօր Ազգային մրցույթի տնօրեն Գոհար Հարությունյանն ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանելու ստեղծված իրավիճակը:

«Դեռ 2017 թվականից ես՝ որպես կազմակերպիչ, անդադար բախվում եմ հասարակության բացասական, բուռն քննարկումներին, անդադար վատաբանումներին: Սկզբում շատ եռանդով սկսեցի, կարծում էի անգամ՝ եթե վատ մեկնաբանություն կա, կա տարածք բարելավելու և ավելի լավ գեղեցկության մրցույթ կազմակերպելու:

Կազմակերպչական փուլը հաղթահարելուց հետո քննարկումներ սկսվեցին, թե ինչպիսի գեղեցկուհի մենք պետք է ընտրենք: Այս դեպքում էլ հաշվի առանք հասարակության պահանջը և կատարեցինք այն պահանջները, որոնք ուներ նույն այդ հասարակությունը՝ գեղեցկուհին պետք է հիանալի տիրապետի անգլերենի, հանրային խոսքը գերազանց լինի: Այս ամենը բավարարելուց հետո մենք չենք զգում հասարակության օժանդակությունը, սատարումը և բարի կամքն այս ոլորտի նկատմամբ»,- ասուլիսի սկզբում նշեց Գոհարը:  

«Միսս Տիեզերք» մրցույթի ժամանակ, երբ Դայանան ներկայացավ տարազով, համացանցում քննարկումներ սկսվեցին, Գոհարն էլ նշում է, որ նրանց համար խուճապ էր առաջացել. «Չէինք սպասում նման արձագանքի: Այն մարդիկ, ովքեր թողնում են մեկնաբանություններ, չգիտեն՝ ինչ է իրենից ներկայացնում տարազով փուլը։ Դա պարտադիր չէ, որ լինի ավանդական տարազ, բավարար է, որ լինի ինչ-որ էլեմենտ: Մենք ներկայացրել ենք հագուստ, որը նախապես պայմանավորված է եղել բոլորիս կողմից և Դայանայի: Այդ հագուստը, էսքիզներից սկսած, աշխատել ենք դիզայների հետ, որպեսզի ստեղծվի հագուստ, որը բոլորս հավանում ենք: Ոչ մի կանխազգացում, որ կլինի այսպիսի վատ արձագանք հասարակության կողմից, մենք չէինք սպասում: Դա էր պատճառը, որ ամիջապես քննարկումներից հետո մեր երեքիս մեջ խոսակցություններ սկսվեցին, որը դարձավ հանրային և տհաճ բոլորիս համար: Դրանից պետք է խուսափեինք, իհարկե, բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, և մենք բոլորս ցավում ենք դրա համար: Պարզապես պետք է ասեմ՝ երբ տարվում էին նախապատրաստական աշխատանքներ, տպավորություն էր, որ ոչ ոքի այս մրցույթները պետք չեն՝ բացի մեզնից, ազգային տնօրենից և մեր հարազատներից»:

Գոհարը նշում է, որ տարազի մեջ շեշտը դրել էին աքսեսուարների վրա. «Երբ աղջիկը քայլում է, ասում է, թե դետալներն ինչ են խորհրդանշում: Օրինակ՝ կոպի զարդերը ձայն են արձակում և չար ուժերից են վանում: Ես, իհարկե, տեղյակ չեմ եղել, որ Դայանան և դիզայներն ունեցել են պայմանավորվածություն, որ քայլելիս չժպտա: Ինձ համար, անկեղծ ասած, զարմանալի էր, բայց ես եմ պատասխանատու եղել Դայանայի ելույթի համար: Դրա համար այդտեղից սկսվեցին տարբեր խոսակցություններ թե՛ մեր մեջ և թե՛ հասարակության մեջ: Ես զարմացա, որ Դայանան լուրջ է ներկայանում, որովհետև անդադար ասել եմ, որ պետք է ժպտա: Ես չեմ իմացել, որ եղել է նախապես պայմանավորվածություն դիզայների հետ, ով իրավունք չունի ասի, թե ինչպես ելույթ ունենանք»:

Շարունակելով թեման՝ Գոհարը նշեց. «Ես երբեք չեմ ասել, որ վատ է ներկայացվել: Իհարկե, Դայանան էլ իր հերթին գրառում է կատարել, որ հագուստն անհարմար էր: Այնպիսի տպավորություն էր, որ նա երբևէ չի տեսել այդ հագուստը: Ավելին՝ Դայանան ինձ գրել էր, թե որքան սիրուն է տարազը, ես էլ տեսել եմ, որ թերություն չկա»:

На изображении может находиться: 8 человек, люди улыбаются, селфи

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել