Ուզում եմ սրտանց շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին, մեր գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաններին, մեր բանակի կայացման գործում շատ մեծ ավանդ ունեցող և մինչև օրս քեֆ-ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող ու անհրաժեշտ պահին կամավորության սկզբունքով բանակի շարքերը համալրող մեր ժողովրդի զավակներին:
Մեր բանակը փառապանծ բանակ է, մեր բանակը հաղթական բանակ է, և անկախ նրանից, որ բանակի ձևավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները՝ դա նրանց չի հաջողվել: Չի հաջողվել շատ պարզ պատճառով, որովհետև խոշոր հաշվով, մեր բանակը ձախողումներ չի ունեցել, մեր բանակը մարտի դաշտում, այն էլ ոչ մեկ անգամ, ապացուցել է իր ունակությունը՝ պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում նաև Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը: Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ: Սա շատ կարևոր հանգամանք է: Թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը, դա անթույլատրելի է: Եվ ես վստահ եմ, որ նաև ձեր օգնությամբ, ձեր օժանդակությամբ մեր բանակը միշտ լինելու է վստահելի, և մեր բանակի հաջողությունները միշտ տեսանելի են լինելու մեր ժողովրդին: