Armdaily.am-ը գրում է.
Այսօր Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուր էր այցելել քաղաքական, ռազմական և հոգևոր վերնախավը՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին։
Նշենք, որ այս տարի Արցախի իշխանություններից որևէ մեկը չէր մասնակցում միջոցառմանը։
ArmDaily.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ դրանում արտառոց որևէ բան չկա։
«Այսօր Արցախում նույնպես տոն է. այսօր «Հայրենյանց պաշտպանի» օրն է և նույնիսկ ՀՀ վարչապետն է այցելել Արցախ։ Նախագահ Սահակյանն ու վարչապետ Փաշինյանը Արցախի հյուսիսային շրջանում մասնակցել են սպայական անձնակազմի համար նոր բնակելի շենքի բացման արարողությանը։ Մեզ մոտ էլ են միջոցառումներ, տոնակատարություններ, այդտեղ ենթատեքս պետք չէ փնտրել»,- նշեց Բաբայանը։
Դիտարկմանը՝ նախորդ տարիներին Արցախի որևէ պաշտոնյա միշտ ներկա էր լինում Եռաբլուրի միջոցառմանը, Բաբայանը նկատեց. «Այո, քանի որ մեզ մոտ «Հայրենյանց պաշտպանի» օրը նշվում էր փետրվարի 23-ին, իսկ 2019 թվականից այն տեղափոխվել է հունվարի 28-ին։ Հիմա փաստորեն այնպես է ստացվել, որ տոնակատարություններ Ստեփանակերտում էլ են տեղի ունեցել, միջոցառումները դեռևս շարունակվում են»։