Armdaily.am-ը գրում է.

Երեկ կարող էր վերջապես հանգուցալուծվել իշխանություն-ՍԴ նախագահ արդեն հավերժական թվացող հակամարտությունը։
Ասուլիսից հետո հանրությունը սրտատրոփ սպասում էր, թե երբ է Փաշինյանը հասնելու Երեւան եւ հրապարակելու օբյեկտիվ, արժանահավատ փաստն առ այն, թե ինչպես է Հրայր Թովմասյանն իր ծառայություններն առաջարկել վարչապետին, սակայն վերջինս հրաժարվել է։

Հանրությունն իր վստահությունը վայելող իշխանությանղեկավարից սպասում էր այնպիսի մի «վիկիլիքսյան» բացահայտում, որից հետո Հրայր Թովմասյանն ինքնակամ հրաժարական կտար, ՀՀԿ-ն էլ ամոթից գետինը կմտներ եւ գոնե մի քանի տարի կլռեր։
Սակայն, Փաշինյանը չարդարացրեց հանրության ակնկալիքները, հերթական անգամ զվարճանքի, հումորի առիթ տալով։ Եթե, օրինակ, երեկ լիներ ապրիլի 1-ը, վստահաբար կարելի էր մտածել, որ վարչապետը կատակ է անում, կամ գոնե հեռախոսն է կորցրել, ուրիշ մեկն է նրա փոխարեն չար կատակ անում։

Պատկերացնում եք՝ որպես ծառայություննեը առաջարկելու ապացույց վարչապետը ներկայացնում է Թովմասյանի՝ իրեն նվիրած գրիչը, պատմում, թե ինչպես է նա փորձել շողոքորթել իրեն, տիկնոջը. օդում կախված տեղեկություններ, բամբասանքներ, առանց որեւէ փաստի: Ի դեպ, նման լուրեր գրելու դեպքում իշխանությունները լրատվամիջոցներին պիտակավորում են՝ անվանելով բամբասանք տարածող, ֆեյք նյուզ։
Իսկ իրեղեն ապացույց գրիչը, ինչքան թանկ էլ այն լինի, չի կարող նման վեհ նշանակություն ունենալ: Ցանկացած քաղաքացու տարվա մեջ գոնե մի քան անգամ գրիչ են նվիրում կամ նրանցից նվեր ստանում, կլինի դա բանկում, տաքսու վարորդից, ընկերներից կամ որևէ այլ մեկից։ Նաև վաղուց ընդունված կանոն է` գիրքն ու գրիչը կաշառքի տեղ չեն անցնում, ցանկացածը կասի: Նման բազմանշանակ և ենթադրախառը բացատրություն տալը վարչապետին բացարձակապես հարիր չէր: Գրիչ նվիրելուց նման հեռուն գնացող եզրակացություններ կարող են անել ասենք երիտասարդ աղջիկները, պատանիները՝ դա համարելով համակրանքի նշան, բայց ոչ երբեք ամուսնության առաջարկ, ինչպես հայտնի երգում է ասվում «ես քեզ ծաղիկ չեմ տվել, դու ես քեզ-քեզ երազել» մոտիվներով։

Ինչ վերաբերում է գրչի գնին (ըստ Թովմասյանի աջակիցների 166 դոլար է, իշխանության ջատագովների՝ 540 եվրո) ապա Փաշինյանն ապշել է այս գնից։
Իհարկե, չի բացառվում, որ այս գրիչը Թովմասյանին նվիրած լինեն, կամ ինքը գնած լինի, եւ եթե սա է նրա միակ թանկարժեք իրը, որից ապշում են իշխանությունները, փաստորեն, հակառակ հանրության սպասելիքների, նա բավականին պարկեշտ կյանքով է ապրել:
Եւ իհարկե, այս պատմության մեջ մյուս կարեւոր հարցը։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որն այդպես էլ չավարտեց Փաշինյանը, սակայն վստահաբար այդ դասընթացը հասցրած կլինի լսել, էթիկա առարկայից մեզ սովորեցնում են՝ չընդունել թանկարժեք նվերներ, հերոսների հետ չգնալ թանկարժեք ռեստորաններ, չօգտվել նրանց գցած ճոխ սեղաններից, վճարել անգամ քո խմած սուրճի դիմաց։ Կհետեւի՞ այս կանոններին լրագրողը, թե՞ ոչ՝ կախված է թե իրենից, թե իր աշխատավայրից։ Նախկին լրագրող վարչապետը, ում գերխնդիրը կոռուպցիան բացահայտելն է, ով գենետիկորեն ատում է ռեժիմի նախկին ներկայացուցիչներին՝ նրանց ուղնուծուծով համարելով կոռումպացված, ինչու է գրիչ նվեր վերցնում Թովմասյանից. կարելի էր այն թողնել սեղանին եւ դուրս գալ։

Պաշտոնյաներից ունեցած, չունեցած հարստությունները, ընդհուպ նվեր ստացածները հայտարարագրելու պահանջ մտցնելու ֆոնին առաջին հերթին Փաշինյանը պետք է հրապարակեր ակամայից իր ստացած նվերների ցանկը՝ հեղափոխականներից եւ հակահեղափոխականներից, այդպիսով կհասկանայինք նաեւ, թե բացի Հրայր Թովմասյանից էլ ո՞վ է իր ծառայությունները առաջարկել Փաշինյանին, ո՞վ է մերժվել և ո՞վ չի մերժվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել