Հարգելի Պարոն Փաշինյան, ուշադիր հետևում էի ձեր մամլո ասուլիսին, մասնավորապես ավիացիայի մասին հարցին` որը դուք ինքներդ բարձրացրեցիք։ Հերթական անգամ պետք է նշեմ իմ կարծիքը`որ ձեզ մոլորեցնում են ասելով իբր այս ոլորտում հաջողություններ կան…Ես 20 տարվա ավիացիոն ստաժ ունեմ, բազմաթիվ ավիացիոն ուսուցման վկայագրեր, երբեք չեմ աշխատել պետական սեկտորում, վերջին 5 տարում էլ ընդհանրապես չեմ աշխատում։ Հեղափոխությունից հետո ձեզ բազմիցս դիմեցի որ ընդունեք, բայց դուք ինձ ընդունելու ժամանակ այդպես էլ չգտաք։ Ես չեմ կիսում ձեր այն միտքը, որ Ryanair-ի մուտքը Հայաստան մեծ հաջողություն է, ամենևին, ավիացիայում կա հստակ հերթականություն`սկզբից երկրում դրոշակակիր ավիաընկերություն ստեղծել և շահագործել, նոր ստեղծել լոուքոսթեր`մասնավոր բայց վերահսկելի։ Լոուքոսթերների մուտքը Հայաստան ամբողջությամբ չեզոքացրեց տեղական փոխադրող ստեղծելու գաղափարը և դրա կայանալը`հնարավոր ներդրողների համար ավելի ռիսկային դարձավ նման ծրագիրի իրականացումը`երբ ուզես թե չուզես պետք է հաշվարկես լոուքոսթրների մարկետինգային խաղերով ներկայացվող էժան գները և ստանդարտ փոխադրողի գները համադրես դրանց հետ։ Երևանից դեպի Հռոմ 50$-ով թռչելը և սուրճ խմելը նույնպես համարում եմ մոլորություն`որովհետև 1 ուղևորին Հռոմ տեղափոխելու միայն ինքնարժեքը կազմում է 175$…Մասնագետ հին ավիացիոն կադրերի մեծամասնության հեռանալը ՔԱԿ-ից և դա ողջունելը ու դրական լույսի տակ ներկայացնելը նույնպես համարում եմ մոլորություն`որովհետև ՔԱԿ-ի հիմնական և կարևորագույն գործառույթը թռիչքային անվտանգության նկատմամբ վերահսկողությունն է և ոչ կոմերցիոն բանակցություններին մասնակցելը, այո որոշ սխալներ եղել են և դրանք շտկվել են`բայց դա ամենօրյա գործ է, մշտտապես վերահսկել փաստաթղթերը, եթե ՔԱԿ-ի առաջ ճիշտ խնդիրներ դրվեն`մանրամասն ուսումնասիրել տեղական փոխադրողների թռիչքային փաստաթղթավորումը անվտանգության նորմատիվները, և դա արվեր 2 տարի առաջվանից սկսած ապա Աֆրիկայում թռչող օդանավերին հիմա չէիք փնովի, թերությունները վաղուց կհայտնաբերվեին։ Ասեմ որ հենց այստեղ է ավիացիան հանդես գալիս որպես բիզնես`որտեղ հարկերը քիչ են բիզնես գնում է այնտեղ։ Աշխարհի լավագույն ավիաընկերությունները հիմա թռչում են այնտեղ`հիմա առաջվա Աֆրիկան չկա։ Հայաստանում դեռևս կան ավիացիոն մասնագետներ, ովքեր ունակ են շահագործելու տեղական փոխադրողներ`պետք չի և ճիշտ չի բոլորին մի շղարշով չափել և հներին փնովել`հիմնվելով իրենց հասցեին անհիմն և կեղծ աղբյուրներից ստացված հերյուրանքների վրա։ Ryanair-ի և մյուս Եվրոպական լոուքոսթերների բերելը առանց սուբսիդավորման անհնար է`ինչքան էլ որ հայտարարվի, որ բյուջեից գումարներ չեն տրվում։ Միևնույն է ինչ-որ գրանտներ և օդանավակայանային այլ անուղղակի սուբսիդիաներ տրամադրվում են։ Ryanair-ը հաջողությամբ թռչում է Եվրոպայում, միայն երկրորդային օդանավակայաններում, ստանում է անուղղակի սուբսիդավորում, թռիչքների տևողությունը`1ից 1,5 ժամ է, իսկ դեպի Երևան չվերթերը 3,5ից 4 ժամ են`ինչ որ մեկը պետք է Ryanair-ի կորուստների հետ կապված հավելյալ ծախսերը փոխհատուցի… Հաջորդ կարևոր թեման`Ռուսական փոխադրողները տիրապետում են հայկական ուղևորափոխադումների շուկայի մոտ 70%-ին, իսկ իրենց օդանավակայանների սակագները և նավիգացիայի սակագները իրենց փոխադրողների համար մոտ 2-3 անգամ ավելի էժան են քան ՀՀ-ում գրանցվածներինը։ Այս թեմայով պետք է զբաղվեր ՔԱԿ-ը անցած 2 տարվա մեջ, և եթե հասներ արդյունքի ես էլ կծափահարեի։ Տաթևիկը լավ անգլերեն գիտի և ազնիվ, ավյունով լցված երիտասարդ է, բայց իրեն չգիտեմ ինչու նշանակել եք անվտանգության վրա վերահսկողություն ապահովող կառույցի ղեկավար`ըստ իս սա ոչ մի պարագայում չի կարող համարվել արդյունավետ որոշում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել