Մանկությունը ոչ միշտ է երջանիկ լինում։ Սա պատմություն է երեխաների մասին, որոնց մանկության տարիները իրական մղձավանջ են եղել։ Դաժանություն և անտարբերություն․ ահա թե ինչի են նրանք հանդիպել՝ հայտնվելով ավստրալական հայտնի «Ընտանիք» աղանդի կազմում։ Սատանայական աղանդի ողջ մնացած անդամներից մեկը բացահայտել է բոլոր գաղտնիքները։ Հենց այդ մարդուն է մանուկ հասակում մայրն ուղարկել «Մեսիա» դպրոց։

Բեն Շենթոնը 28 երեխաներից մեկն էր, որոնց թմրանյութեր էին տալիս, ու որոնց ծաղրում էին «Ընտանիքի» մյուս անդամները։

Աղանդը գլխավորում էր յոգայի խարիզմատիկ ուսուցչուհի Էն Համիլթոն Բերնը, ով ծնողներից վերցնում էր երեխաներին ու լվանում նրանց ուղեղները։

Կրթված բժիշկներն ու իրավաբանները հավատում էին, որ այդ կինը Հիսուսի արտացոլանքն է Երկրի վրա և օգնում էին նրան կեղծել փաստաթղթեր, որպեսզի իրենց՝ հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների երեխաները դառնային Էնի հարազատ երեխաները։ Փաստաթղթերի համաձայն՝ նա համարվում էր աղանդին մասնակցող բոլոր երեխաների մայրը։

Ուսուցչուհին երեխաներին նույնատիպ համազգեստներ էր հագցնում  և նույն սանրվածքն անում։

Երեխաներին թմրանյութեր և հանգստացնողներ էին տալիս, եթե նրանք չէին ենթարկվում կանոններին։ Նրանց մտրակում էին ու քաղցած պահում, մինչև որ վերջիններս ամբողջովին չէին հյուծվում։

Սկանդալային պատմությունը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 1987 թ. ոստիկանները խուզարկություն կատարեցին Մելբուրն քաղաքի մանկական ճամբարում։

Բեն Շենթոնն այդ ժամանակ 15 տարեկան էր։ Նրան և մյուս երեխաներին փրկեցին։ Մինչ այդ օրը երեխաներն ապրում էին հասարակությունից մեկուսացված և չէին հաղորդակցվում այլ մարդկանց հետ։ Ավելի ուշ Բենն իմացավ, որ նրա մայրը ևս այն խաբված կանանցից է եղել, որոնք անգիտակցաբար իրենց երեխաներին տվել են Հեմիլթոնի ձեռքը։

Այժմ Բենը 50 տարեկան է և կարողանում է աշխարհին պատմել իր տանջանքների մասին։ Ճամբար օտարների մուտքն արգելվում էր։ Եթե որևէ մեկը հանդգնում էր դա անել կամ փախչել ճամբարից, ապա նրան շատ դաժան պատիժ էր սպասվում։

Երեխաներին կենդանաբար ծաղրուծանակի էին ենթարկում, ծեծում էին մտրակներով ու գոտիներով, սառը ջուր լցնում նրանց վրա, մատները կրակի մեջ մտցնում և այլ խոշտանգումների ենթարկում։

Բենն ասում է, որ նա փորձել է ինքնապաշտպանվել, մինչդեռ մյուս երեխաները հանդուրժում էին ծաղրանքները, այդ իսկ պատճառով երեխաները չէին սիրում նրան։

Մյուս երեխաներին ստիպում էին խոտ ու շան կերի մնացորդներ ուտել, որպեսզի կարողանային ապրել։ Արտաքին աշխարհի մասին տեղեկություններ նրանք ստանում էին գրքերից, սակայն ժամանակի ընթացքում սկսեցին հասկանալ, որ իրենց դաստիարակության գործընթացը տարբերվում է համընդհանուր ճանաչում ստացածից։

Էն Համիլթոն Բերնն աղանդը հիմնել է 1963 թ. և հարստություն կուտակել, իսկ 1987 թ. ամուսնու հետ փախել ԱՄՆ։ Ավելի ուշ նա վերադարձել է Ավստրալիա, սակայն կնոջը պատասխանատվության ենթարկել չի հաջողվել. աղանդի անդամերը հրաժարվում էին նրա դեմ ցուցմունք տալուց, իսկ երեխաներին չէին հարցաքննում ու փորձաքննությունների չէին ենթարկում հավելյալ տրավմաների չենթարկելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել