Սուդանի բնակիչ Օսման Սալիհը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել պետության մայրաքաղաք Խարթումի Ալ-Կուրեշի այգու առյուծների վիճակի մասին։

Լուսանկարներում երևում է, որ կենդանիները հյուծված են։ Նրանք քաղցած են ոչ առաջին շաբաթը, իսկ մի քանիսի մարմիններին վերքեր կան։

Օսման Սալիհը գրառումը կատարել է հունվարի 18-ին։ Երեկ նա հայտնել է, որ էգ առյուծներից մեկը մահացել է։

Առյուծի մահվան մասին տեղեկությունը հաստատել են տեղական պետական գործիչները։ Ըստ նրանց՝ պատճառը երկրում տիրող տնտեսական ճգնաժամն է։ Գումարի պակասի պատճառով կենդանիները շաբաթներ շարունակ չեն ստանում բավարար քանակությամբ սնունդ ու դեղամիջոցներ։

Որոշ առյուծներ կորցրել են իրենց քաշի ավելի քան երկու երրորդը։

«Սնունդը ոչ միշտ է հասանելի, այդ իսկ պատճառով հաճախ մենք այն գնում ենք սեփական գումարով»,- ասում է այգու հսկիչ Էսամելդին Հաջարը։

Ինչպես գրում է Սալիհը, այգում ամսական եկամուտը բավարար չէ անգամ մեկ շաբաթ միայն մեկ առյուծի կերակրելու համար։

Տղամարդու գրառումը բազմաթիվ արձագանքների տեղիք է տվել սոցիալական ցանցերում։ Սուդանի քաղաքացիներն ու ակտիվիստները քարոզարշավ են սկսել քաղցած կենդանիների համար։ Ինքը՝ Օսման Սալիհը, ակտիվիստներին առաջարկում է անձամբ սնունդ տանել առյուծներին, այլ չփոխանցել դրանք այգում վարչակազմին։

Համաձայն Վայրի բնության համաշխարհային ֆոնդի՝ աֆրիկյան առյուծները դասվում են կենդանիների վերացող տեսակների շարքին։ Դրանցից մնացել է ընդամենը 23 հազար։ Վերջին երեք սերունդների առյուծների քանակը 40%-ով քիչ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել