Operativ.am-ը գրում է.

Իրանցի պատգամավոր Ահմադ Համզեն առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի համար 3 մլն դոլար վճարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ISNA գործակալությանը:

«Քերման նահանգի բնակչության անունից 3 մլն դոլար կվճարենք նրան, ով կսպանի Թրամփին եւ մեզ կհանձնի նրա գլուխը»,- ասել է նա խորհրդարանում ելույթի ժամանակ:

Քերման նահանգը ամերիկացիների կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հայրենիքն է:

Վերջին շաբաթների ընթացքում Մերձավոր Արեւելքում իրավիճակը կտրուկ սրվել է: Իրաքում ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիաների հետո ամերիկացի զինվորականները սպանել են Սոլեյմանիին, որն այդ ժամանակ գտնվում էր Իրաքում:

Իրանը դրան պատասխանել է Իրաքում ամերիկյան բազաների ուղղությամբ հարվածներով, որոնց հետեւանքով ոչ ոք չի տուժել: Սակայն ավելի ուշ իրանցի զինվորականները սխալմամբ խոցել են Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող ինքնաթիռը, որը Թեհրանից Կիեւ էր մեկնում: Զոհվել է 176 մարդ:

Զինծառայողների խոսքով՝ ինքնաթիռը խոցվել է, քանի որ այն կարեւոր ռազմական օբյեկտին մոտ է թռել եւ ընդունվել է որպես թշնամու թեւավոր հրթիռ: Իրանում նշել են, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման են սպասել, ինչի պատճառով երկրի ՀՕՊ համակարգերը լրիվ մարտական պատրաստվածության են բերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել