Պրոդյուսեր, ռեժիսոր Ելենա Արշակյանի թիմը նոր հեռուստասերիալ է նկարահանում: «Շիրազի վարդը» իրական պատմության հիման վրա նկարահանվող նախագծի նկարահանումներին եղել է նաև BlogNews.am-ը: Ի դեպ, սա առաջին հայկական հեռուստասերիալն է, որը ցուցադրվել է 4K որակով և հասանելի կլինի միայն Ucom ցանցում գործող ArmeniaPremium-ի բաժանորդների համար:
«Շիրազն այն քաղաքն է, որտեղ ծնվել և մեծացել է մեր հերոսուհին` Վարդը: Այնպես է ստացվում, որ մեր հերոսուհին հայտնվում է պարսկական ընտանիքում և դաստիարակվում է պարսկական ավանդույթներով: Նա մի օր կանգնում է այն հարցի առաջ, թե ով է ինքը»:
Ելենան պատմում է, որ նմանատիպ պատմություններ շատ կան, և նմանատիպ պատմություններից մեկն էլ որոշեցին էկրանավորել․ «Մեր գլխավոր հերոսուհին բավականին բարդ իրավիճակում է հայտնվում, որպեսզի հասկանա, թե ով է: Նկարահանումներն իրականացրել ենք Թեհրանում, Շիրազում, Հայաստանում»:
Հեռուստասերիալում ներգրաված են ազգությամբ պարսիկ և հայ դերասաններ՝ Դավիթ Աֆրիկյանը, Էլեն Սարգսյանը, Օլյա Հակոբյանը, Սիսիան Սեփանյանը, Դավիթ Մարդյանը, Հրաչյա Գասպարյանը, Սամվել Սարգսյանը, Հմայակ Հակոբյանը, Իրինա Հարությունյանը, ինչպես նաև Անի Երանյանը, ով վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում և հայկական նախագծերում չէր նկարահանվում. «Շատ մեծ սիրով ընդունեց նկարահանվելու առաջարկը և այս պահին գտնվում է Հայաստանում, որպեսզի մասնակցի նկարահանումներին: Դերը հետաքրքրեց Անիին, որովհետև այսպիսի կերպարում նա դեռևս չի եղել: Ի դեպ, հերոսուհու անունն էլ Ելենա է»: