Հունվարի 15-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց իր ամենամյա զեկույցը ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության վերաբերյալ, որն արդեն երկու օր է՝ որպես հաղթանակ է ներկայացնում ադրբեջանական կողմը։ Հատուկ անմիջապես չանդրադարձա զեկույցին ու Բաքվի պնդումներին՝ սպասելով մեր պաշտոնյաների արձագանքին։ Երեկ երեկոյան վերջապես մեր խորհրդարանականները խոսեցին. լրագրողի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Քարոզչական գործողություններն ունեն իրենց տեղը, ժամանակն ու ձևաչափը, և մենք հարկ եղած դեպքում վարվում ենք ըստ տվյալ պահին առկա ՀՀ շահից բխող նպատակահարմարության»։

Փաստորեն, էսպես ենք մենք քարոզչական պատերազմում դիրքավորվում՝ անհայտ չափանիշներով գնահատում իրավիճակը, որոշում, որ «անհեթեթ օրակարգի» հետ գործ ունենք ու պարզապես լռում... Ու թող ամբողջ աշխարհին, այդ թվում՝ մեր սեփական հանրությանը Բաքուն համոզի, որ հասել է նրան, որ ԵՄ-ն բացահայտ աջակցում է իր տարածքային ամբողջականությանը, և որ ընդունված փաստաթուղթը պարտադիր իրավաբանական ուժ ունի (սրանց դեռ կանդրադառնանք)։ Այս ամենը, մեր այսօրվա խորհրդարանականների համոզմամբ, անհեթեթ օրակարգ է...

Բայց սա դեռ մի կողմ. իսկ ո՞վ է մեր հանրության համար տալու հիմնական հարցերի պատասխանները, հիմնավորված պատասխանները։ Տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական մամուլում հայտնված առաջին հոդվածից հետո մեր համապատասխան ինստիտուտները պիտի հստակ տային՝

ա) ի՞նչ փաստաթուղթ է,
բ) ի՞նչ իրավաբանական ուժ ունի այն, և
գ) նախորդ փաստաթղթերում այս հարցին անդրադարձն ինչպիսի՞ն էր։

Սա նրա համար, որ հետո հանրությանն ու մամուլին չմեղադրեն ադրբեջանական քարոզչությունը մեզ մոտ բերելու համար...

Հ.Գ. Արդեն չսպասելով համապատասխան ինստիտուտների արձագանքին՝ այս հարցերի պատասխաններին կանդրադառնամ առանձին գրառմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել