Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի հիմանական առաքելությունը հենց սահմանադրական և իրավական անվտանգության ապահովումն է, ոչ թե այս կամ այն օրենքի սահմանադրականության համապատասխանելիությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը:

«Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ուղղակիորեն վերաբերում է նաև ցանկացած երկրի ընդհանուր անվտանգության հարցերին: Եթե սահմանադրական, իրավական անվտանգությունը խաթարվում է, դրա հետևանքները շատ վտանգավոր կարող են լինել»,- նշեց սահմանադրագետը:

Արամ Վարդևանյանը նաև նկատում է, որ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքը կարող էր խաթարել ՍԴ բնականոն գործունեությունը. «Ենթադրենք 7 դատավորները համաձայնում են և դուրս են գալիս, ի՞նչ է լինելու ՍԴ բնականոն գործունեության հետ։ Դրա պատասխանը շատ պարզ է՝ խաթարվելու է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում այսօր գրառում էր կատարել՝ նշելով, որ նախկինում արած իր զգուշացումը՝ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների մասին, առնչվում էր նաև ՍԴ շուրջ ծավալվող իրադարձություններին. «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»,- գրել էր նա:

- Պարո՛ն Վարդևանյան, ինչի մասին է վկայում ԱԱԾ նախկին տնօրենի մակարդակով նման հայտարարությունը, ընդհանրապես, ի՞նչ անվտանգության մասին է խոսքը:

– Ամեն դեպքում իր հայտարարությունը չեմ մեկնաբանի, ես մասնագիտական տեսանկյունից կփորձեմ հարցին մոտենալ: Սահմանադրական դատարանները ցանկացած եվրոպական երկրում զուտ չեն հետևում, թե արդյոք մի օրենք համապատասխանում է Սահմանադրությանը, թե ոչ: Սահմանադրական դատարանների հիմանական առաքելությունը հենց սահմանադրական և իրավական անվտանգության ապահովումն է: Հետևաբար` ՍԴ-ի բնականոն գործունեությունն ուղղակիորեն վերաբերում է նաև ցանկացած երկրի ընդհանուր անվտանգության հետ կապված հարցերին ևս: Եթե սահմանադրական, իրավական անվտանգությունը խաթարվում է, դրա հետևանքները շատ վտանգավոր կարող են լինել: Միգուցե այդ տեսանկյունից պետք է հարցին նայել:

Տեսեք, Սահմանադրական դատարանի դատավորների կազմի գերակայող մեծամասնությանը՝ 7 դատավորի, առաջակվում է վաղ կենսաթոշակի մոդելը, հենց Վենետիկի հանձնաժողովը հետևյալ մտահոգությունն էր առաջ քաշել՝ եթե ենթադրենք բոլոր 7 դատավորները համաձայնում են և դուրս են գալիս, ի՞նչ է լինելու ՍԴ բնականոն գործունեության հետ։ Դրա պատասխանը շատ պարզ է՝ խաթարվելու է: Այդ ժամանակ իրավական անվտանգության իրական խնդիր էր առաջանալու, և դրա լուծումն ընդունված օրենքով չկա: Այսինքն, եթե 7-ն էլ հրաժարական են ներկայացնում, հաղթահարել այդ ճգնաժամը հնարավոր չի լինելու: Այ դա իրական ճգնաժամն է: Կառավարության կողմից ՍԴ են ներկայացվում բազմաթիվ միջազգային պայմանագրեր են, որոնք վարկային պարտավորություններին են վերաբերում: Պատկերացրեք, երկրի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ է, և ՍԴ-ն չի կարողանում այն վավերացնել, դրա սահմանադրականության համապատասխանությունը պարզել: Արդյոք դա սահմանադրական անվտանգության և երկրի անվտանգության խնդիր չի՞ առաջացնի։ Իհարկե, կառաջացնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել