Հունվարի 12-ին Թեհրան է այցելել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանին, ով հանդիպումներ է ունեցել Իրանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ։
Հարկ է նշել, որ Կատարի էմիրի այցն Իրան առաջինն է 2013թ․ նրա կողմից երկրի կառավարման ղեկը ստանձնելուց հետո հատկապես Իսլամական հանրապետությունում և նրա շուրջ ձևավորված ճգնաժամի պայմաններում։
Կատարի ղեկավարի՝ Իրան այցի հետ կապված հարկ է ընդգծել առնվազն հետևյալ 2 իրողությունները.
1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանցի բարձրաստիճան զորահրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության հատուկ գործողությունը կառավարվել է հենց Կատարից, որտեղ տեղակայված են նաև ամերիկյան կարևոր ռազմաբազներ, հազարավոր ամերիկացի զինծառայողներ, ապա Թամիմ բին Համադը, ԱՄՆ-ի դեմ Թեհրանի հնարավոր ռազմական գործողությունների մասով ունենալով որոշ օբյեկտիվ մտավախություններ սեփական երկրի անվտանգության հետ կապված, նպատակ է հետապնդում այդ հարցում կոնկրետ երաշխիքներ ստանալ անմիջապես Իրանի բարձրագույն ղեկավարությունից։
2․ Կատարն այն եզակի երկրներից է, որը բարձր մակարդակի բարեկամական հարաբերություններ ունի միաժամանակ և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ։ Հետևաբար, հատկապես հաշվի առնելով ԻԻՀ հոգևոր առաջնորդի հետ հանդիպման հանգամանքը, չի բացառվում, որ Կատարի էմիրը փորձում է որոշակի միջնորդական առաքելություն իրականացնել հակամարտ կողմերի միջև ծայրաստիճան լարվածությունը մեղմելու նպատակով։
Այլ հարց է նման միջնորդության արդյունավետությունը ներկայում, որը բավական ցածր է՝ հաշվի առնելով ինչպես երկու հակամարտ երկրների ղեկավար շրջանակների միջև գերլարված հռետորաբանությունը, այնպես էլ երկու հասարակություններում գերակա ոչ միանշանակ գնահատականները։