«ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում՝ պարզելու համար սատանայի ու որոշ շրջանակների համագործակցության ձևերը»։ Երեկ այսպիսի վերնագիր տեսա լրահոսում (հղումը՝ մեկնաբանությունում)։ Մտածեցի՝ հերթական ֆեյքային լուրն է ԱԱԾ-ի դեմ, բայց պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի նյութն է։

ՀԺ-ն հարցում է ուղարկել ԱԱԾ, թե բա՝ ի՞նչ եղավ վարչապետի հանձնարարականը սատանայի մասով։ Այնտեղից էլ պատասխանել են, որ փնտրում են և առայժմ չեն կարող տեղեկատվություն տրամադրել։

ԱԱԾ-ի դեմ, փաստորեն, ոչ միայն օտարերկյա գործակալական ցանցի ու թուրքական 5-րդ շարասյան կողմից բացահայտ հարձակում կա, այլ նաև իշխանության ներսից, ավելի ճիշտ՝ գլխից։

Թե ինչու է դրսից փորձ արվում վարկաբեկել ու թուլացնել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում գտնվող մեր երկրի հատուկ ծառայությունը, դժվար չէ հասկանալը։ Բայց անհասկանալի ու անընդունելի է, երբ ԱԱԾ-ին հարվածում և այդ կառույցին անհարմար դրության մեջ է դնում վարչապետը։

Փաստորեն, սատանայի գոյությունը 100 տոկոսով հաստատված է, և մնացել է պարզել նրա ու որոշ շրջանակների կա՞պը։ ԱԱԾ-ն նաև թեիզմի ու աթեիզմի հարթության մե՞ջ է գործում։ Լավ, ինչպե՞ս կարելի է այդպես անլրջացնել հետախուզական ու հակահետախուզական կարևորագույն ֆունկցիաներ ունեցող ուժային այդ կառույցը՝ մի օր «Դիանա Հարությունյանի» բեմադրության, մեկ այլ օր սատանայի հետ կապերը պարզելու հանձնարարականներ իջեցնելով։

Ավելի լավ կլիներ՝ ՀԺ-ն ԱԱԾ-ից հետաքրքրվեր, թե ի՞նչ եղավ Փաշինյանի այն հայտարարություններից հետո, երբ նա Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսում էր ՀՀ-ում օտարերկյա գործակալների ու Արցախում դավադիր ուժերի գոյության մասին։ ԱԱԾ-ին հանձնարարվե՞լ է գտնել նրանց, թե՞ վարչապետի հայտարարությունը զուտ քարոզչական նպատակով էր ու ատելության խոսքի տարածման շրջանակներում։

Մի խոսքով՝ ԱԱԾ-ին չի՛ կարելի անլրջացնել ու վարկաբեկել։ Իսկ սատանային պետք չէ փնտրել։ Այն գտնվում է մարդկանց հիվանդ ուղեղներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել