Ռուս-թուրքական քաղաքական համագործակցությունը որակապես նոր փուլ է տեղափոխվում՝ նպաստելով երկու երկրների միջազգային հեղինակության աճին։

Մոսկվա-Անկարա փոխգործակցության արդյունքում սիրիական հակամարտության շրջանակում արձանագրված համեմատական կայունությունից հետո երկկողմ ջանքերն արդեն կենտրոնանում եմ մեկ այլ տևական հակամարտության՝ լիբիական հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Բանն այն է, որ Լիբիայում ևս Մոսկվան ու Անկարան աջակցում են հակառակորդ դերակատարների, մինչդեռ, ի տարբերություն Սիրիայի, Լիբիայում Թուրքիան համագործակցում է Լիբիայի միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարության, իսկ Ռուսաստանը՝ Ժողովրդական խորհրդարանին և նրան աջակցող չճանաչված լիբիական ազգային բանակի հրամանատար գեներալ Խալիֆա Հաֆթարի հետ։

Եվ ահա, նախօրեին Ստամբուլում կայացած Էրդողան-Պուտին հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հունվարի 12-ից Լիբիայում հրադադար հաստատելու վերաբերյալ, իսկ լիբիական հակամարտ կողմերի առաջնորդները՝ մարշալ Հաֆթարը և Ֆաեզ ալ-Սարաջը, առաջիկա օրերին բանակցություններ են անցկացնելու Հռոմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել