Pastinfօ.am-ը գրում է.

Մենք ունենք երկու խնդիր՝ կանխարգելել մանկական և մայրական մահացությունները։ Այս սկզբունքից ելնելով է, որ ամենացածր շեմը դրվել է 150 ծնունդ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Մարալիկի ծննդատան փակման որոշմանը։ 

«Միայն մեկ բացառություն ենք գրել, որ կարող ենք թույլ տալ ծնունդները 150-ից ցածր լինեն և դա աշխարհագրական անհասանելիության դեպքն է։ Այդ կետին համապատասխանում են Բերդը, Ճամբարակը և Մեղրին։ Մնացած բոլոր դեպքերում հաշվարկվել են մոտակա ծննդատներ հասնելու թե՛ ժամանակը, թե՛ ճանապարհը։ Այն բոլոր դեպքերում, որոնց համար որոշում է կայացվել այդ հասանելիությունն ապահովված է։ Այդ 20 կամ 30 կմ-ն ավելի հեշտ է հաղթահարելի, քան մի բարդ դեպքում երեխայի կյանքը փրկելը»,-նշեց նախարարը։

Նա ընդգծեց, որ նախարարության այս գործողությունները պետք է դիտարկել միայն մանկական և մայրական մահացությունները կանխարգելելու տեսանկյունից։ Արսեն Թորոսյանը վստահեցրեց՝ ֆինանսական որևէ տնտեսում չեն անում և որևէ բժշկական հիմնարկի վրա ծախսվող գումար չեն նվազեցնում.

«Միևնույն է այդ գումարները տրվելու են այլ բժշկական կենտրոնների։ Օրինակ Մարալիկի դեպքում ամենամոտը Արթիկի բժշկական կենտրոնն է, որն ուղիղ 15կմ է հեռու Մարալիկից։ Ծաղկահովիտի դեպքում Ապարանի բժշկական կենտրոնն է, Եղվարդի դեպքում՝ Երևանը։ Այսինքն բոլոր բժշկական կենտրոններին հասանելի մոտ գտնվող ծննդատներ կան»,-հավելեց նախարարը։

Վերջինս նշեց, որ միայն Բերդի, Մեղրիի և Ճամբարակի դեպքում է, որ մոտակա ծննդատունը գտնվում է 70-80 կմ-ի վրա. «Մենք կարող ենք չուզելով, որովհետև վատ է, որ 100 կամ պակաս ծնունդ են ընդունում, բայց համակերպվել ու ասել՝ այո այնտեղ պահենք»,-նշեց Արսեն Թորոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել