ԿԱՐՈՏ
Սիրա՛ծ, ոսկե՛ աղջիկ, դեղի՛ն, հասկե՛ աղջիկ,
Աղջիկ իմ ջինջ աչքով,
Իզուր տարվեցիր դու անձրևների՜ կանչից,
Իզուր հեռացար դու…
Ապրում էիր պայծառ դաշտերում իմ հոգու,
Ծաղիկ էիր բացված,
Բարդու մի ծառ էիր, իմ բարդենի՛, իմ քո՛ւյր,
Իմ ծաղկավոր անցյալ…
Ախ, անձրևից հետո դու ծիածան դարձար,
Շքեղ, հուր ու երահ,
Բլուրներին ընկար, արոտներին արձակ
Ու մարգերի վրա…
Հետո ցնդեց այն էլ. ո՞ւր ես, սե՛ր իմ սիրած,
Ոսկեթև իմ թիթեռ,
Աղջի՞կ էիր, թե վիթ, ցնորք, մուժ ու միրաժ,
Աղջի՞կ էիր միթե…
Ահա օրը բացվեց լիմոնի պես լուսե
Ու նրա պես անուշ,
Ախ, էլ ոչինչ, ոչինչ իմ սիրտը չի հուզի,
Ախ, էլ ո՛չ մի անուն:
Սիրած, ոսկե աղջիկ, սիրո լուսե օրրան,
Միթե էլ չե՞ս դառնա,–
Ե՛կ, խառնվիր երգիս, այս արևոտ օրվան,
Այս ջրին ու գարնան…
***
Գառների պես սպիտա՛կ
Քո դեմ իմ հույզերը.
Սպիտա՜կ են, սպիտա՜կ
Եվ քո նուրբ ուսերը:
Դու շուրջըս հյուսել ես
Լուսեղեն մի ցանց,–
Անհո՛ւյս են հույսերս,
Անո՛ւշ իմ ցավ:
Գիտեմ՝ կորուստ է անդարձ
Անհնար այս սերը.
Սիրում եմ քեզ, ի՛մ հանցանք,
Եվ իմ սերը սև է…
***
Չգիտեմ՝ քե՞զ եմ սիրում,
Թե՞ իմ սերը,–
Այս սերը խոր ու խորունկ
Ինձ հուզել է:
Ո՞վ ես, ի՞նչ ես, չգիտեմ,–
Մթին հանելուկ,
Գիտե՞ս սիրել դու միթե,
Ու սիրել ո՞ւմ:
Եվ ինչո՞ւ ես այդքան դու
Սառն ու հանդարտ,
Անձրևների տակ խնդուն,
Վարդի պես վարդ:
ՕՐՈՐ, ՕՐՈՐ…
Արևավոր, արևավոր իմ սերերին,
Իմ հույզերին արևավոր ու նո՛ր, ու նո՛ր,
Իմ լույսերին ու լուսավոր իմ հույսերին,
Ընկուզենո՛ւն լայնասաղարթ, օրո՛ր, օրո՛ր,
Օրոր, օրոր:
Օրոր մարգին, արտույտներին, ծառին, ձորին,
Կածաններին իմ մենավոր, կանաչ բարդուն,–
Օրոր, քնքուշ իմ աքասի՛, օրոր, մորի՛,
Oրոր սարին, հանդին, արտին, օրո՛ր մարդուն,
Օրոր, օրոր:
Շամբուտներին ու ամպերին մութ ու անձև,
Անտառներին, արոտներին, քամուն, քարին,
Օրո՛ր սրտին իմ՝ արտի պե՛ս անձրևածեծ,
Օրո՛ր սրտին վարդերի պես արնակարմիր,
Օրոր, օրոր:
Օրոր նրանց՝ արևային երգիչներին,
Որոնք մի օր երգ երգեցին ու անց կացան,
Կարդացողին օրոր – սրտոտ ու մտերիմ,
Կարդացողին, որ եղել է, հիմա չկա,
Օրոր, օրոր:
ԵՐԵՔ ԲԱՐԴԻ
Խորենին
1
Երեք բարդի ես գիտեմ,
Նրանք նազում են իմ դեմ,
Օ, երեք բարդի.
– Մանկությո՛ւն իմ դեղնածամ,
Մանկությո՛ւն իմ, որ անցար
Նոր ցանած արտից…
Զանգի ղողանջ եմ հիշում,
Նեղ արահետ, անտառ, շուն
Ու գառներ ճերմակ.
Անհուշ լեռան մի ուսից
Բարձրացող վանք ու լուսին
Եվ ինչ-որ վրան:
Այդ բարդին շա՛տ է հեռու,
Նա մշուշվեց օրերում,
Յոթ սարից անդին.
– Մանկությո՛ւն իմ դեղնածամ,
Մանկությո՛ւն իմ, որ անցար
Նոր ցանած արտից:
2
Երկրորդ բարդին, ահա՛ նա,
Բանուկ մի ճամփի վրա,
Երգուն ու խշշուն.
Շուրջը՝ գյուղեր, կանաչ ծով,
Առուն՝ անուշ զնգոցով,
Մարգեր թարմաշունչ:
Շուրջը երկիր մի զարթնող,
Անուշ բուրող հերկ ու հող,
Հազար կանչող ձեռք.
Դաշտի վրա լայնանիստ
Զարթնող ուժեր անհանգիստ,
Ակոսների երգ:
Լայնասաղա՛րթ իմ բարդի,
Զարթնող երկրի մեծ ճամփին,
Երա՛զ սպիտակ,
Դու շարժում ես ձեռքերդ
Ու երգում ես երգերդ
Բիլ երկնքի տակ…
3
…Երրորդ բարդի, երրո՛րդ ծառ,
Դեղնասաղարթ ու պայծառ,
Որ կռանում ես.
Նայում ես խոր ու բարի,
Հեռավո՜ր քո անտառից,
– Ի՞նչ է անունդ…
Դու ծերությունն ես անհուշ,
Շուրջդ մուժ ու աղջամուղջ,
Հողը՝ անհանդարտ,
Նա մռմռում Է խանդից,
Եռում եռուն եռանդից,
Սնում նոր անտառ:
Կկռանաս դու մի օր,
Սրտամեռ ու գլխի՚կոր,
Կանաչ արտի դեմ.
Շուրջըդ, շուրջըդ կշափեն,
Նորից խինդով կծափեն
Հազա՜ր բարդիներ:
Եվ օրերը հեռացած,
Ստվերների պես ծածան,
Կնստեն սրտիդ.
– Մանկությո՛ւն իմ ոսկեծամ,
Մանկությո՛ւն իմ, որ անցար
Նո՜ր ծլած արտից…
ԲԱԼԼԱԴ ՉԱԼՈՅԻ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ
1
Չալոն իմ շո՛ւնն էր, չալ-չալ աչքո՛ւն էր,
Չալոն չքնաղ էր, պայծա՛ռ Չալո.
Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,
Ծածկվում էր տատիս հին շալով:
Ես հանում էի մեր հին գզրոցից
Գույնզգույն լաթեր ու սրմա,
Զարդարում էի պոչից մինչև վիզ
Ու տանում դաշտերը նրան:
Չալոն քայլում էր պչրուհու նման,
Սլվլուն պոչը բռնած ցից,
Քսվում էր ոտիս, մռռում էր մռայլ,
Մռռում էր հպարտ, հաճույքից:
Տուն էի բերում մութ փողոցներով,
Շների աչքերից անտես.
Դանդաղ իջնում էր կապույտ երեկոն
Ու ծածկում սար ու դաշտեր:
2
Չալոն իմ շո՛ւնն էր, չալ-չալ աչքո՚ւն էր,
Չալոն չքնաղ էր, պայծա՜ռ Չալո,
Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,–
Բայց բանը վերջացավ չարով:
Գաղթի մութ ճամբին կորավ իմ շունը,
Ո՞վ գիտե՝ ո՞ր ձին կոխոտեց…
Շուրջը մեռնում էր վերջին աշունը,
Չմնաց ինձ ո՛չ մի ընկեր…
3
Մի աղջիկ եղավ իմ երկրորդ սերը,
Խաժ աչքով աշխուժ մի աղջիկ,
Ոսկեգույն էին նրա մազերը
Ու բուրում էին դարչին:
Մի օր միասին գնացինք այգի, .
Հուլիսյան գիշերն էր նազում.
Նա չալ-չալ շորեր ուներ իր հագին,
Իսկ այգում՝ խաղողն էր հասնում:
Նստեցինք մենք թավ որթատունկի տակ,
Նա դրեց գլուխը ծնկիս,
Ես շոյում էի նրա վիզը տաք
Ու նայում մշուշված դեմքին:
Օ, սե՛ր իմ, սե՛ր իմ…– ինձ հառել էին
Բիբերը նրա մլարուն.–
Չալո՛ն է նայում նրա աչքերից,
Չալոն է տխուր նայում:
Անհուշ նազում են որթատունկերը,
Իսկ հետո անձրևն է խշշում.
Քեզ չեմ մոռացել, կորած ընկերըս,
Քեզ չեմ մոռացել, իմ շո՛ւն…
……………………………………
Օրերի հեռվում նրա հաջոցը
Հնչում է կարծես լալով…
Չալոն իմ շունն էր, չալ-չալ աչքո՛ւն էր,
Չալոն չքնաղ էր, պայծա՜ռ Չալո…
ՊՈԵՏ
Մորս
Մի ջինջ գիշեր է եղել,
Մի ջինջ գիշեր,
Մայրս՝ ջահել մի եղեգ,
Հայրս՝ ուժեղ:
Բարդիներն են երգել
Ջրերի մոտ,
Ամեն ինչ խորն է եղել
Ամեն ինչ հորդ:
Ու իմ մորըս հուզել է
Բարդիների երգը,
Իսկ դաշտերում փիրուզե
Ծղրիդներն են երգել…
Ախ, ծղրիդնե՛ր շատախոս՝
Լուսնկայի հետ,–
Ծնվեցի ձեր պատճառով
Այսպես պոետ…
ԱՅԳԵՍՏԱՆՆԵՐ
Այգեստաննե՜ր մթին, սաղարթավոր ու վեհ,
Այգեստաննե՜ր, որոնք կարկամել են, տարվել
Բլուրների վրա ու բլուրներն ի վե՜ր…
Այգեստաննե՜ր:
Այգեստաննե՜ր հուռթի ու կատաղի, հզոր,
Բազուկներով կանաչ ու մրգերով դեղին,
Այգեստաննե՜ր, որոնք վարարել են այսօր,
Սպասում են սիրով իրենց հավաքողին:
Խնկանման խաղող ու տանձ, ու բալ, ու դեղձ,
Իմաստությո՜ւն՝ աշնան մրգերի պես հասուն,
Իմ մրգաստան երկի՛ր, մրգանման իմ ե՛րգ,
Երգի նման անմահ, երգի նման ասուն…
Առե՛ք, առե՛ք երգըս ոսկեբառ ու հզոր,
Այգեստաննե՜ր բերքուն ու ձեր գիրկը տարեք…
Այգեստաննե՜ր, դուք, որ վարարել եք այսօր,
Այգեստաննե՜ր…
Շարունակությունը՝ այստեղ