Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Սիվիլնեթի» մեկնաբան Թաթուլ Հակոբյանին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախկին իշխանությունները նպատակ են ունեցել քրեական գործ հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, քանի որ կասկածել են հեղափոխական թիմի հետ կապերի մեջ:
«Ես պարոն Վանեցյանին ճանաչում եմ շատ վաղուց, և նա հեղափոխության ընթացքի մի մասից սկսած մեկուսացվել է նախկին իշխանությունների կողմից։ Նրան կասկածել են հեղափոխական թիմի հետ կապերի մեջ, մեկուսացրել են, և որքանով գիտեմ՝ քրեական գործ հարուցելու նպատակ է եղել իր հետ կապված», - ասել է նա:
Ալեն Սիմոնյանն ասել է, որ կեղծ են տեղեկությունը, թե իր և Արթուր Վանեցյանի կապի միջոցով Փաշինյանի թիմը հեղափոխության օրերին տեղեկություններ է ստացել նախկին իշխանության գործողությունների մասին:
«Մենք ինֆորմացիա ստանալու կարիք չունեինք, որովհետև մեր գործողությունները բաց ու հրապարակային էին, իսկ նախկին իշխանության գործողությունները շատ կանխատեսելի էին», - հավելել է նա: