Նոր Հայաստան, թե՞ լրատվամիջոցների հանդեպ բռնությունների նոր հանգրվան

Այսօր ամբողջ համացանցը ողողված էր ՙՙԿենտրոն՚՚ հեռուստաընկերության նկարահանող խմբի հանդեպ իրականացված բռնության մասին տեղեկատվությամբ ու տեսանյութերով: Օրվա ընթացքում փորձում էի ոչ զգացմունքային ու բացառապես փաստերով առաջնորդվող գրառում անել այդ ամենի մասին, սակայն, չստացվեց, ցավոք… ՙՙԿենտրոն՚՚ հեռուստաընկերությունն ինձ համար մոտ 16 տարի եղել է ավելին, քան ուղղակի աշխատավայր, և այսօր մի խումբ անդաստիարակ ստահակներ հարձակվել ու բռնություն են գործադրել իմ ընտանիքի անդամների, իմ ընկերների վրա: ՙՙՏեղական արտադրության՚՚ մի խումբ խուլիգաններ, իրենք իրենց երազած տղայի տեղը դնելով, մոտ 60 հոգով հարձակվել են իմ գործընկերների, այն մարդկանց վրա, որոնք տարիներ շարունակ աչքի են ընկել բացառիկ պրոֆեսիոնալիզմով ու մասնագիտական բարեկրթությամբ:
Եվ ուրեմն, ու՞ր են մամուլի դերի ու նշանակության մասին ամբողջ օրը բարձրաձայնող մտահոգները, ու՞ր են նոր Հայաստանում 4-րդ իշխանության բացառիկ պաշպանվածության վերաբերյալ հեքիաթներ պատմողները, ու՞ր են լրատվամիջոցների գոյության մասին միայն իրենց արևմտյան գրանտները լվանալիս հիշողները: Դե ՜… ձեզ տեսնեմ: Ու եթե լրատվամիջոցի վրա արդեն օրինաչափ դարձած հերթական հարձակումից հետո էլ դուք ծպտուն չհանեք, ուրեմն հենց դու ՜ք եք խրախուսում ու քաջալերում այս հրոսակներին, հենց դու ՜ք եք նրանց բորբոքված երևակայության կենսագործման համար պարարտ հող ստեղծում, հենց դու ՜ք եք, որ նրանց գործելու ու լրատվամիջոցների վրա իրենց թույնը թափելու դաբրո տալիս: Ու եթե ամենասեղմ ժամկետում, դասական ժանրի համաձայն, ՙՙասֆալտին ֆռելու՚՚ ու ՙՙպատերին ծեփելու՚՚ իրավական գործիքակազմը չկիրառվեց, ուրեմն ոչ միայն մենք, այլև հասարակության ամբողջ բանական հատվածն է հասկանալու, թե իրականում ո՞վ է այս ամենաթողության ու անպատժելիության մեղավորը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել