Հատուկ քննչական ծառայությունն ավարտ է հայտարարել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով նախաքննությունը:

Դատախազությունը մեղադրական եզրակացությունը չի հաստատել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ուսումնասիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված և ՀՀ գլխավոր դատախազություն մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը: Որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար վերադարձնելու վերաբերյալ»,- ասաց Խաչատրյանը:

Նա հավելեց, որ դատախազի որոշմամբ՝ տրվել են համապատասխան ցուցումներ լրացուցիչ քննություն կատարելու ենթակա հանգամանքների վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ դրանց արդյունքներով է հնարավոր Ա․ Բաբլոյանի և Ա․Բաբայանի արարքներին ճիշտ քրեաիրավական գնահատման տալ:

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` մի խումբ պաշտոնատար անձանց հետ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Արսեն Բաբայանը կալանավորված էր, սակայն վերջերս գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել