Марина Тащян (Marina Tashchyan)-ի հարցազրույցը լսելով՝ ինձ՝ որպես Հայաստանի հավաքականի երկրպագուի, անհանգստացրեց այն հատվածը, երբ տիկին Մարինան, ըստ էության, հայտարարեց, որ ֆեդերացիայում եղել է քննարկում Հենրիխ Մխիթարյանին հավաքական չհրավիրելու մասին։ Հենրիխը մեր ընտրանու առանցքային ֆուտբոլիստն է, էլ չասեմ, որ խաղը միշտ կառուցում է նա, ու առանց նրա տեսանք, թե ինչպես հանդես եկավ մեր հավաքականը վերջին 4 խաղերում։ Չգիտեմ, գուցե մեր ֆեդերացիայի նորաթուխ նախագահն ու գործկոմը Հենրիխից ավելի լավ ֆուտբոլիստ ունեն տեսադաշտում (հայկական ֆուտբոլի ողբալի վիճակից ենթադրում եմ, որ հազիվ թե)։

Հիմա՝ գործկոմի մասին, ավելի ճիշտ՝ Մարինա Թաշչյանի՝ նոր գործկոմում չհայտնվելու մասին։ Նախ՝ նրանք, ովքեր այսօր ընտրվեցին գործկոմի անդամ, գյումրեցու լեզվով ասած, շատ հաց ու պանիր դեռ պետք է ուտեն, որ տիկին Մարինայի փորձը ունենան ֆուտբոլում։ Այո, ինչպես նա ասաց, 40 տարի ֆուտբոլում է։ Այս 40 տարիների ընթացքում մեր հավաքականը տիտղոսներ չի ունեցել, բայց նաև ամենավատ վիճակը վերջին 1 ու կես տարում է։ Այնպես որ, պետք չէ տիկնոջը մեղադրել, որ 40 տարիների ընթացքում ոչինչ չի արել կամ նոր է սկսել խոսել խնդիրներից։ Այո, նախորդ տարիներին էլ, հիմա էլ խնդիրներ կան, ու դրանք պետք է լուծել բանիմաց մարդկանց օգնությամբ, ինչպիսին է Մարինա Թաշչյանը։ Ու տպավորությունն այնպիսին է, որ այսօր ոչ թե ֆուտբոլի ու ֆեդերացիայի ապագան է որոշվել, այլ «յուրայիններին» ու «օտարներին» են տարանջատել։ Քաղաքական բաժանում են արել․ ով նախկինների հետ է եղել, մեզ հետ կապ չունի։

Պարոնայք, ֆուտբոլը սպորտ է, որը թվում էր, թե քաղաքականությունից զերծ պետք է լինի։ Սպորտում էլ է պետք հեղափոխություն, որին 1 ու կես տարի է՝ ականատես չենք, գոնե քայլեր այդ ուղղությամբ չկան։

Եւ վերջում, Մարինա Թաշչյանին քննադատող ու նրա հասցեին վատ արտահայտվողներին․ պարոնայք, ձեր դիմաց կին է, Համլետ Մխիթարյանի այրին ու Հենրիխ Մխիթարյանի մայրը։ Իսկ հայր ու որդի Մխիթարյանները հայկական ֆուտբոլի անցյալն ու ներկան են, իսկ ապագան, շատ եմ ուզում հուսալ, որ ավելի լավն է լինելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել