Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուների միջև այս տարվա վերջին, իսկ թվով՝ 6-րդ բանավեճը։ Բանավեճին այս անգամ մասնակցում էին 7 թեկնածուներ՝ Ջո Բայդենը, Փիթ Բութիջիջը, Էմի Կլոբուշարը, Բերնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Էնդրյու Յանգը և Թոմ Սթեյերը։ Ի տարբերություն նախորդ բանավեճի՝ այս բանավեճին չէին մասնակցում Քամալա Հարիսը, ով արդեն դուրս է եկել նախագահական ընտրապայքարից, Քորի Բուքերը և Թուլսի Գաբարդը։ Վերջին երկուսը չէին բավարարել բանավեճին մասնակցելու համար առաջադրված պահանջները։

Այս բանավեճը աչքի ընկավ նաև նրանով, որ այն դիտել են ռեկորդային թվով քիչ հեռուստադիտողներ։ Կանխատեսվում էր, որ նախագահ Թրամփի իմփիչմենթը ստվերում կթողներ դեմոկրատների բանավեճը, ինչը և տեղի ունեցավ։ Բանավեճն ունեցավ ընդամենը 6 միլիոն դիտում։ Մինչ այսօր ամենադիտված բանավեճը հունիսին տեղի ունեցած առաջին բանավեճն է, որը տարբեր հաշվարկներով ունեցել է 15.3-18.1 միլիոն դիտում։
Այնուամենայնիվ, անգամ այս ցուցանիշը չի հասնում 2015թ․ օգոստոսին Fox News-ի եթերում տեղի ունեցած Թրամփի առաջին բանավեճի 24 միլիոն դիտումների ցուցանիշին։

Դեմոկրատների 6-րդ բանավեճի ընթացքում ամենից շատ խոսելաժամանակը գրանցվել է Բերնի Սանդերսի կողմից՝ 20։30 րոպե, ում անմիջապես հաջորդում է Էմի Կլոբուշարը, իսկ երրորդ և չորրորդ տեղերում հայտնված Էլիզաբեթ Ուորենի և Փիթ Բութիջիջի միջև խոսելաժամանակի տարբերությունը ընդամենը մի քանի վայրկյան է։ Սովորաբար հարցումների արդյունքով առաջատար թեկնածուները գրանցում են խոսելաժամանակի ամենաբարձր ցուցանիշները, սակայն այս դեպքում այդ օրինաչափությունը չպահպանվեց։ Մասնավորապես՝ առաջատար թեկնածու Բայդենը իր խոսելաժամանակով 7 թեկնածուների շարքում հայտնվեց հինգերորդ տեղում։
Բանավեճը սկսվեց Թրամփի իմփիչմենթի քննարկումով, և ընթացքում շոշափվեցին արդեն ավանդական դարձած թեմաները՝ տնտեսություն, առողջապահություն, կլիմայական փոփոխություններ, ռասիզմ, Աֆղանստան, Իսրայել և այլն։

Եթե բանավեճի առաջին հատվածն անցավ առավել հանդարտ և միապաղաղ էր, ապա երկրորդ հատվածը լի էր բախումներով և սուր քննարկումներով։ Այս անգամ թիրախում էր հայտնվել ոչ թե առաջատար թեկնածու հանդիսացող Ջո Բայդենը, այլ վերջերս բավականին բարձր ցուցանիշ գրանցած Փիթ Բութիջիջը։ Վերջինիս հետ առաջին բախումն ունեցավ Էլիզաբեթ Ուորենը, ով մեղադրեց Բութիջիջին միլիարդատերերից ֆինանսավորում ստանալու մեջ, իսկ Բութիջիջը պաշտպանվեց՝ նշելով, որ այդ բեմում կանգնածներից միայն ինքը միլիոնատեր չէ՝ ի տարբերություն Ուորենի, ով կարողանում է ինքնաֆինանսավորել իր քարոզարշավը։ Քննարկմանը միացավ նաև Բերնի Սանդերսը, ով նշեց, որ Ջո Բայդենը ֆինանսավորվում է 44 միլիարդատերերից, մինչդեռ Փիթ Բութիջիջը՝ 39-ից։ Քաղաքապետ Բութիջիջի հետ նաև բախում ունեցավ սենատոր Էմի Կլոբուշարը, ով անդրադարձել էր Բութիջիջի նախորդ բանավեճի ընթացքում ասածին։ Մասնավորապես, քաղաքապետը նշել էր, որ «այս բեմի վրա Վաշինգտոնի ավելի քան 100 տարվա փորձն է հավաքված, բայց ո՞ւր ենք մենք հիմա՝ որպես երկիր»։ Սենատոր Կլոբուշարը հակադարձեց նրան՝ հերթով մատնանշելով թեկնածուներից մի քանիսի (Էլիզաբեթ Ուորեն, Ջո Բայդեն, Բերնի Սադերս և ինքը՝ Էմի Կլոբուշար)՝ երկրի համար արված կարևոր աշխատանքները։

Մեկ այլ բախում տեղի ունեցավ փոխնախագահ Բայդենի և սենատոր Սանդերսի միջև, երբ խոսք գնաց արտաքին քաղաքականության մասին։ Սանդերսը նշեց, որ իր և փոխնախագահի միջև ամենից մեծ տարբերությունն այն է, որ Բայդենն աջակցել է Իրաքի սարսափելի պատերազմին, մինչդեռ ինքը ղեկավարում էր իրաքյան պատերազմի դեմ ընդդիմությունը։

Հետաքրքիր է, որ դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածուների մոտեցումը Իսրայելի հարցում կտրուկ տարբերվում է Թրամփի մոտեցումից։ Մասնավորապես՝ Սենատոր Սանդերսը, լինելով հրեա, մատնանշեց, որ ԱՄՆ ոչ միայն պետք է իսրայելամետ լինի, այլ նաև պաղեստինամետ։ Իսկ փոխնախագահ Բայդենը հայտարարեց, որ Մերձավոր Արևելքում անհնար է ունենալ հրեական պետություն առանց «երկու պետություն» սկզբունքով լուծման։

Այս անգամ բավականին հետաքրքիր ստացվեց բանավեճի ավարտը, մասնավորապես՝ թեկնածուներին տրվեց ընտրություն՝ տալ նվեր կամ ներողություն խնդրել մյուս թեկնածուներից։ Ներողություն խնդրեցին միայն կին թեկնածուները, իսկ իր նվերը բոլորին առաջարկեց Էնդրյու Յանգը, այն է՝ իր կողմից գրված գիրքը։

6-րդ բանավեճի արդյունքում ևս առաջատար թեկնածուն շարունակում է մնալ փոխնախագահ Ջո Բայդենը։ Հաջորդ բանավեճը տեղի կունենա 2020թ․ հունվարի 14-ին։ Հարկ է նշել նաև, որ բանավեճին մասնակցած 7 թեկնածուները ստորագրել էին Դեմոկրատական ազգային համագումարին ուղղված նամակն առ այն, որ իջեցվի բանավեճին մասնակցելու առաջարդված պահանջների շեմը, քանի որ վերջին բանավեճին այդ պահանջները բավարարած 7 թեկնածուներից 6-ը սպիտակամորթ են (իսկ մեկը՝ Էնդրյու Յանգը՝ ասիացի)։ Մինչդեռ Դեմոկրատական ազգային համագումարը դեռևս չի նշել, թե ինչպես կորոշվի հունվարին կայանալիք բանավեճին մասնակցող թեկնածուների ընտրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել