Թել Ավիվի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Մալկա Կոեն Արմոնը ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ իր հետազոտական խումբն ավարտել է մկների վրա PJ34 մոլեկուլի գործողության ստուգումը, որն ապշեցուցիչ արդյունք է ցույց տալիս ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջները ոչնչացնելիս:

«Մենք հիվանդ բջիջներ փոխպատվաստեցինք լաբորատորային մկների մաշկի տակ, այնուհետև այդ մկներին ներարկեցինք մեր մոլեկուլը: Դրանցից ոմանց 14 օր անընդմեջ կաթիլային տվեցինք: Այնուհետև մեկ ամսով դադարեցրինք բուժումը, իսկ այնուհետև ստուգեցինք, թե ինչ է տեղի ունեցել:

Հյուսվածքաբանության արդյունքները ցույց տեցին, որ քաղցկեղային բջիջներն 90 տոկոսով անհետացել են»,- պատմել է պրոֆեսորը գործակալությանը տված հարցազրույցում:

Մասնագետների խոսքերով, ուռուցքը լիովին չի անհետանում, որովհետև հենց ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում այն կիսով չափ բաղկացած է առողջ բջիջներից, որոնք քաղցկեղային բջիջներին օգնում են զարգանալու: Դա Թել Ավիվի համալսարանի հետազոտողներին թույլ է տվել պարզել, որ PJ34 մոլեկուլները սպանում են սոսկ չարորակ բջիջները՝ վնաս չպատճառելով առողջ հյուսվածքներին:

Հետազոտության ապշեցուցիչ արդյունքները հրապարակված են Oncotarget մասնագիտացված հանդեսում: Մոտ ժամանակներս պետք է սկսվի խոշոր կաթնասունների՝ շների և խոզերի վրա փորձարկումների փուլը: Միաժամանակ հատուկ ատյանները կքննարկեն մարդկանց վրա կլինիկական հետազոտությունների հնարավորությունը: Իրադարձությունների հաջող զարգացման դեպքում այդ փուլը կարող է սկսվել երեք տարի հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել