Armenpress.am-ը գրում է.
Հայաստանում 10 երեխայից 7-ը կամ անգամ 8-ը քաղցկեղից լիարժեք ապաքինվելու հնարավորություն ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:
«1990-ականների կեսերից Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների դեպքում ունենում էինք 3-5 տոկոս առողջացում, իսկ այսօր յուրաքանյուր 10 երեխայից 7-8-ն ապաքինվում է: Սա բժիշկների մեծ խմբի, անքուն գիշերների, տքնաջան աշխատանքի շնորհիվ է իրականացվել»,- նշեց Դանիելյանը:
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը շեշտեց, որ բարձր եկամուտ ունեցող երկրներում հիվանդ երեխաների 80 տոկոսից ավելին բուժվում են քաղցկեղից, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող շատ պետություններում այս ցուցանիշը կազմում է ընդամենը 20 տոկոս:
Քաղցկեղն աշխարհում երեխաների և դեռահասների մահվան հիմնական պատճառներից մեկն է: Ամեն տարի մինչև 19 տարեկանների մոտ ախտորոշվում է շուրջ 300 հազար քաղցկեղի դեպք: Մանուկ հասակում, որպես օրենք, անհնար է քաղցկեղը կանխարգելել կամ հայտնաբերել սկրինինգային ծրագրերով: