«Խորհրդարանի գործունեությունը չի կարելի համարել արդյունավետ և համահունչ «նոր Հայաստանի» ոգուն: Ցավոք, մենք դեռ չենք նկատում հեղափոխական փոփոխություններ ՀՀ քաղաքացիների կյանքում, որոնք արդարացիորեն սպասվում էին նրանց կողմից»,- ամփոփելով խորհրդարանի գործունեության առաջին տարվա արդյունքները՝ այս մասին ասուլիսում ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:
Ըստ նրա՝ խորհրդարանական մեծամասնության մասին խոսելիս կարելի է երկու հիմնական բնութագիր առանձնացնել: Նախ՝ ակնհայտ է, որ «Իմ քայլը» խմբակցությունը բավականին մասնատված պատգամավորների խումբ է իրենից ներկայացնում․ այստեղ առկա են քաղաքական տարբեր հայացքներ և մոտեցումներ: Իսկ նման մեծամասնությունից, ընդգծեց փորձագետը, դժվար է ակնկալել գործողությունների թափանցիկություն և կանխատեսելիություն.
«Մասնավորապես, դրա օրինակներից մեկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն է, երբ դրա ընտրված անդամներից մեկը, ով հենց «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն էր, նույնիսկ խորհրդարանական մեծամասնության համար անսպասելի հրաժարական տվեց միայն այն պատճառով, որ հանձնաժողովի նախագահ ընտրվեց ոչ թե ինքը, այլ «Լուսավոր Հայաստանի» առաջադրած թեկնածուն: Այս տարվա ընթացքում մենք ականատեսն ենք եղել այլ ոչ հասկանալի ու անհամաչափ գործողությունների պոռթկումների ևս»,- նշեց նա:
Երկրորդ բնութագիրը, որ ներկայացվեց Ղուկասյանի կողմից, այն է, որ նոր խորհրդարանի գործունեության հենց սկզբից պարզ դարձավ, որ Հայաստանում շարունակում է գործել որոշումների կայացման կենտրոնացված «գերհամակարգը», երբ կարևոր որոշումները կայացվում են գործադիրի կողմից, իսկ ԱԺ-ն հիմնականում հնազանդորեն հաստատում է այդ նախագծերը: Խնդիր է նաև այն, որ խորհրդարանը չունի խորհրդարանական վերահսկողության գործիքներ, ներառյալ՝ վարչապետին ենթակա ուժային կառույցների գործունեության մասով:
«Թվում է, թե խորհրդարանական մեծամասնությունը փորձեց որոշակիորեն անկախություն ցուցաբերել Ամուլսարի հարցում, «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ գործադիր իշխանության դեմ հանդես եկող հայտարարություններ արեցին՝ աջակցելով բնապահպանների բողոքներին: Այնուամենայնիվ, դրանից հետո ոչինչ չփոխվեց: Թեև խորհրդարանական մեծամասնության մասնատումը, հնարավոր է, ավելի դրական կլիներ խորհրդարանական ժողովրդավարության զարգացման համար»,- նշեց նա:
Ղուկասյանը նաև հիշեցրեց, որ անցած ժամանակահատվածում Ազգային ժողովն ընդունել է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք արժանացել են հանրության ոչ միանշանակ արձագանքին: Օրինակ՝ խորհրդարանը հավանություն տվեց կառավարության նոր կառուցվածքին, որը բերեց նախարարությունների թվի կրճատման, այդ թվում՝ այնպիսի կարևորագույն նախարարությունների, ինչպիսիք են Գյուղնախարարությունը և Մշակույթի նախարարությունը: Իսկ որոշ գերատեսչություններ վերածելը սուպերնախարարությունների բավականին քննադատվեց փորձագետների և ընդդիմության կողմից:
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության փոխնախագահ, «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Ծովինար Կոստանյանն էլ հիշեցրեց կոռուպցիայի դեմ պայքարը: Նրա խոսքով՝ խորհրդարանը հավանություն է տվել ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավման, ինչպես նաև բանկային գաղտնիության մասին օրենքներում փոփոխություններ կատարելուն, ինչը իրավապահ մարմիններին թույլ կտա մուտք գործել շատ ավելի մեծ թվով մարդկանց բանկային ու մասնավոր կյանք, քան միայն այս կամ այն քրեական գործով անցնողներն են: Ըստ նրա՝ այս օրենքները հիմք են հանդիսացել իրավապահ մարմինների իրավասությունների չափազանց ընդլայնման համար, ինչը մի միջավայրում, որտեղ իշխող մեծամասնությունը չի էլ թաքցնում իր համար անընդունելի դատավորներից, գործարարներից կամ ընդդիմադիր քաղաքական գործիչներից ազատվելու ցանկությունը, ակնհայտորեն հարցեր է առաջացնում:
Ինչ վերաբերում է խորհրդարանի ներսում տիրող մթնոլորտին, փորձագետը նշեց, որ գործնականում ոչինչ չի փոխվել. խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների միջև հարաբերությունները դժվար թե կարելի է կառուցողական անվանել: Կառուցողական երկխոսության փոխարեն մենք տեսնում ենք անընդհատ բախումներ, հույզերն ու խռովկանությունը գերակշռում են և նվազագույն մակարդակի են առարկայական քննարկումները: Աստիճանաբար դառնում է պրակտիկա, որ ընդդիմադիր խմբակցությունը ստիպված է լքել նիստերի դահլիճը՝ անհարգալից վերաբերմունքի պատճառով:
«Այսպիսով՝ խորհրդարանի աշխատանքը չի կարելի անվանել արդյունավետ, այն դեռևս չի համապատասխանում թավշյա հեղափոխությունից հետո «նոր Հայաստանի» ոգուն: Քաղաքացիների հիմնական սպասումը նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակի զգալի բարելավումն էր: Թվում էր, թե խորհրդարանական մեծամասնությունը մի շարք քայլեր ձեռնարկեց այս ուղղությամբ՝ ընդունելով օրենքներ հարկերի կրճատման, սոցիալական վճարումների փոքր բարձրացման մասով: Այնուամենայնիվ, այս քայլերը մինիմալ են իշխող մեծամասնության կողմից օգտագործվող հռետորաբանության ֆոնին: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ առավել ռադիկալ փոփոխությունները արվում են նոր իշխանության գործունեության առաջին տարում, կարելի է կանխատեսել, որ առաջիկա տարիներին հազիվ թե ակնկալելի լինի իրավիճակի որևէ էական բարելավում թե՛ խորհրդարանական ժողովրդավարության զարգացման, թե՛ քաղաքացիների սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման առումով»,- հավելեց Ծովինար Կոստանյանը: