Օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալության հետ զրույցում խոսել է ՌԴ տնտեսությունում հայկական ներդրումների ներգրավման մասին: Նախագահն ընդգծել է ոչ միայն Հայաստանից, այլև՝ Սփյուռքից հայկական ներդրումների հավանականությունը: Նախագահի խոսքով, իր «դերերից մեկն է ոգեշնչել նրանց (հայ գործարարին, խմբ.) ներդրումներ անել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում»:

Նախագահի՝ այս բավական հավակնոտ դերի բարձրաձայնումը մի քանի ենթադրությունների տեղիք է տալիս:
Արմեն Սարգսյանը փորձում է ՌԴ համար մեծացնել Հայաստանի նշանակությունը, կամ միջազգային սանկցիաներով պայմանավորված դժվարին վիճակում գտնվող ռուսական տնտեսությանը բարեկամական ձեռք մեկնել: Համարենք, որ նախագահի վերոնշյալ դերն իրականում տրանսֆորմացվում է այս նպատակում, ինչը շատ դրական է, բայց և՝ շատ կենացային:

Բանն այն է, որ իշխանափոխությունից գրեթե երկու տարի անց ներդրումները Հայաստանում փաստացի չեն ավելանում, կամ դեռևս շատ փոքր են նախորդ երկու իշխանությունների կառավարման տարիների հետ համեմատած: Այն դեպքում, երբ 2019թ.-ին ՀՀ-ում կատարված Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը նվազել են 2018թ.-ի նույն ցուցանիշի համեմատ շուրջ 60 մլն դոլարով (անցած տարի դրանք կազմել էին 128 միլիոն, այս տարի` հազիվ 68 մլն դոլար), իսկ 2018թ.-ի չորրորդ եռամյսակի դրությամբ ցուցանիշը կտրում ակնում էր գրանցել 2017թ.-ի համեմատ (2017թ. չորրորդ եռամսյակին թիվը կազմել է 101.82 մլն դոլար, իսկ 2018-ի չորրորդ եռամյսկին՝ 70.73 մլն դոլար), խոսում է այն մասին, որ գործող իշխանությունները սեփական տնտեսություն ներդրում ներգրավելու խնդիր ունեն, որին լուծում առայժմ, մեծ հաշվով, չեն կարողանում տալ: Ուրեմն որքանո՞վ է իրատեսական ՌԴ շուկայում ներդրումներ ներգրավելու նախագահի հայտը:

Սա զուտ, եթե ռեալ գնահատենք Հայաստանի հնարավորությունները:

Բայց մեդալի մյուս կողմն էլ կա: Եթե հարցին մոտենանք այն տեսանկյունից, որ Հայաստանի և ՌԴ տնտեսությունների եկամտաբերությունները ներդրողների համար միևնույնը չեն, և այն խնդիրները, որոնք դժվար լուծելի են Հայաստանում, չկան, կամ զգալիորեն քիչ են ռուսական տնտեսությունում, որքանո՞վ է կոռեկտ նախագահի կողմից սեփական պոտենցիալ ներդրողին (սփյուռքահայ գործարարին) ուղղորդել այլ տնտեսություն, երբ երկրիդ ներդրումային պատկերը, մեղմ ասած, հուսադրող չէ:
Իսկ եթե այնուամենայնիվ նախագահի մոտ էլ կա իրական պատկերացում ներդրում ներգրավելու մեր այսօրվա իշխանությունների կարողությունների մասին, ապա նախագահի ժեստի իմաստը պետք է փնտրել այլ հարթությունում:
Առնվազն բացառված չէ, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների պարբերական թռիչքները դաշնակցայինից գործընկերային, պատշոնական ընդունելության կիսատ արարողակարգայինից օդանավակայանում անձամբ ճանապարհելու, անորոշությունից «փայլուն հարաբերությունների» տարբեր մակարդակներ, հասունացրել էին նախագահի կողմից նման ժեստի անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել