Pastinfo.am-ը գրում է.

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդության քննությունը կշարունակվի հաջորդ շաբաթ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Միհրան Պողոսյանից։

«Հատուկ քննչական ծառայությունը կրկին զբաղված է հանրությանը մոլորեցնելու իր գործառույթով։ Փոխանակ իրական նախաքննություն իրականացվի, ինչ-որ վարկածներ են հորինվում, մեղադրանքներ են փոփոխվում և այն պարագայում, երբ մենք դիմում ենք վարույթն իրականացնող մարմնին, ասում՝ Ձեր կողմից օրենքի չկիրառման պարագայում խոչընդոտներ են Հայաստան վերադառնալու հետ կապված, վերացրեք այդ խախտումները և նա կվերադառնա դատարան»,-ասաց Միհրան Պողոսյանը՝ ընդգծելով, որ փոխարենն այդ գործողություններն իրականացվեն, նույն հոդվածներով, բացարձակապես հոդվածի փոփոխություն տեղի չի ունեցել, որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշում են կայացնում։ Փաստաբանն այս ամենը գնահատում է Վահագն Հարությունյանի նկատմամբ իրականացվող անձնական հետապնդում. «Այս պարագայում, երբ վարույթն իրականացնող մարմինը չունի նոր մեղադրանք, այսինքն նոր հոդվածներով Վահագն Հարությունյանը չի մեղադրվում, անօրինական հերթական գործողություններն է և մենք գնահատում ենք, որ հենց վարույթն իրականացնող մարմինը ամեն օրինական և անօրինական միջոցներով փորձում է հասնել նրան, որ Վահագն Հարությունյանը ՀՀ չվերադառնա։ Արդյոք փաստական այս տվյալները քննիչը չուներ նախորդ ժամանակ, այսինքն հարցը հասել է նրան, որ գաղտնի որոշումներ են կայացնում որպես մեղադրյալ ներգրավելու մասին»,-նշեց Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ Միհրան Պողոսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը։ ՀՔԾ-ն մերժել էր պաշտպանի դիմումը, իսկ ինչ վերաբերում է դատախազության պատասխանին, Միհրան Պողոսյանը նկատեց. «Այն պարագայում, որ մենք դիմել էինք և՛ ՀՔԾ, և՛ դատախազություն, դատախազությունը ոչինչ չնկատելու արդյունքում մեզ ուղղորդում է դեպի ՀՔԾ՝ ասելով, որ միջնորդությունը վերահասցեագրում են քննիչին։ Նրանք հստակ գիտեն, որ միջնորդությունը ներկայացված է նաև քննիչին, և մենք ակնկալում էինք երկու մարմինների դիրքորոշումը»,-հավելեց Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել