Politik.am-ը գրում է.
Ընդամենը մեկ ամիս առաջ էր, որ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի անունը գտնվեց ամերիկյան մասնավոր «Սթրաթֆորի» հետախուզական ընկերության ինֆորմանտների ցուցակում։ Այդ մասին գրեցին Ankakh.com և Голос Армении, ինչպես նաև մի շարք այլ լրատվամիջոցներ։
Բաբաջանյանը խուսափեց պարզաբանում տալուց, պատկան մարմինները ևս անհասկանալի լռություն պահպանեցին։ Փոխարենը պատգամավորը բողոք գրեց դատախազություն և ոստիկանության 6-րդ բաժնի աշխատակիցներին ուղարկեց Ankakh.com-ի խմբագրի տուն։ Ընդգծենք, որ որևէ բացատրություն, թե ինչպես է Արման Բաբաջանյանի անունը հայտնվել «Սթրաթֆորի» գործակալների ցուցակում, այդպես էլ հանրությանը չներկայացվեց։
Օրեր առաջ Բաբաջանյանը հայտարարեց, որ ինչ-որ արտասահմանյան բարերարների համոզել է գումարներ նվիրաբերել սահմանամերձ (իր բառերով․ «Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից») գյուղերի մինչև 3 տարեկան երեխաներին։ Եվ որ այդ նպատակով պատրաստվում է սկսել «ուսումնասիրել վիճակագրությունը, առկա դրությունը և միտումները»։
Այս նախաձեռնության առնչությամբ ի վերջո բազմաթիվ հարցեր են առաջ գալիս։ Լրատվամիջոցները հրապարակել են տեղեկատվություն, ըստ որի Արման Բաբաջանյանը հետախուզական կառույցի ինֆորմատոր է։ Լուրը չի հերքել ոչ պատգամավորը, և ոչ էլ պետական կառույցները։
Փաստորեն բարեգործական և հայրենասիրական բարի պատրվակով ամերիկյան հետախուզական կառույցի ինֆորմատոր համարվող պատգամավորը ցանկանում է ծանոթանալ Ադրբեջանին անմիջական սահմանակից հայկական գյուղերի բնակչության մանրամասն ցուցակներին։ Արդյո՞ք այստեղ չկան պետական անվտանգության ռիսկեր և ինչու՞ են շարունակում լռել համապատասխան մարմինները։