Արևելյան գործընկերության Վեցերորդ գագաթաժողովի նախաշեմին քաղաքացիական հասարակության ֆորումի 11-րդ ամենամյա համաժողովի ժամանակ հռչակագիր է ընդունվել, որում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Փաստաթղթում նշվում է, որ «Հայաստանում 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո լեգիտիմ խորհրդարան ու կառավարություն է ընտրվել, բայց երկրի դատական իշխանությունը, ներառյալ նաև Սահմանադրական դատարանը, դեռևս լեգիտիմ չեն», ուստի «կոչ է արվում Հայաստանին անհապաղ ձևավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան, որը կվայելի հանրության վստահությունը»:

Հատկաշնականն այն է, որ հռչակագրում տեղ գտած այս ձևակերպումներն ԱլԳ մասնակից պետությունների և Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների համատեղ մոնիթորինգի կամ խորը ուսումնասիրության արդյունք չեն: ՍԴ-ի հարցը այս հարթակում բարձրացվել է Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների, մասնավորապես՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա» միավորում հասարակական կազմակերպության նախագահի կողմից, որոնց նախաձեռնությամբ էլ վերջնական փաստաթղթում տեղ են գտել այս միակողմանի ձևակերպումները:

Ասվածի ապացույցն «Իրավունքի Եվրոպա» միավորում հասարակական կազմակերպության նախագահի հարցազրույցն է, որի ժամանակ վերջինս հանգամանալից նշում է, թե ինչպես է «անձամբ եվրոպացի գործընկերների համար համեմատականներ անցկացրել և օրինակներ բերել սահմանադրական դատարանի ընտրությունների և սահմանադրական փոփոխությունների մասին»: Այսինքն` ստացվում է, որ հռչակագրում նման ձևակերպումներ են տեղ գտել մեկ կամ մի քանի հոգու կողմից արված հայտարարությունների հիման վրա, ինչն էլ առաջին հերթին հարված է Եվրոպական միության դավանած արժեհամակարգին:

Այստեղ ուշագրավ է նաև այն փաստը, որ տվյալ ՀԿ համահիմնադիրներից մեկը Վահե Գրիգորյանն է եղել, ով Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց անմիջապես երկու օր անց Ազգային ժողովում երդվելիս հայտարարեց, թե Սահմանադրական դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով: Չնայած նրան, որ 2014թ.-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող դատավորի հավակնորդ լինելու պատճառով վերջինս դադարեցրել է անդամությունը տվյալ ՀԿ-ին բավականին «հետաքրքիր» պատճառաբանությամբ, այնուամենայնիվ, ասելը, թե նա այլևս ոչ մի առնչություն չունի տվյալ կազմակերպության հետ, այդքան էլ իրատեսական չէ: Հետևաբար, անաչառության և օբյեկտիվության մասին խոսելն անիմաստ է դառնում:

Բացի այդ՝ նաև նշեմ, որ ԵՄ ԱլԳ քաղհասարակության ֆորումին մասնակցել է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ով մեկ անգամ չէ, որ նշել է, որ իբրև թե ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը միանգամայն բավարար են, ինչն, ի դեպ, իրականության հետ որևէ աղերս չունի: Այն, որ ոչ մի հիմնավորում չկա առ այն, որ Սահմանադրական դատարանը լեգիտիմ չէ և լեգիտիմության բաց ունի, դա միանշանակ է: Դրա վառ ապացույցն է նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Սահմանադրական դատարանի և մասնավորապես՝ ՍԴ նախագահի դեմ բացահայտ ճնշումներ են իրականացվում:

Հետևաբար, առանց խորը ուսումնասիրությունների և մեկ կամ մի քանի հոգու սուբյեկտիվ կարծիքի վրա հենվելով` ԱլԳ ՔՀՖ կողմից նման հռչակագրի ընդունումը դատապարտելի է և հարված է հասցնում ԵՄ դավանած արժեքներին: Իսկ այդ արժեքները, հարկ է հիշեցնել, որ հիմնվում են մարդու արժանապատվության, ազատության, ժողովրդավարության, հավասարության, օրենքի գերակայության վրա:

Նման պարագայում ԵՄ ղեկավարության կողմից ակնկալվում է համարժեք արձագանք իր ներսում գործող կառույցի գործողություններին, իսկ ժողովրդավարությունը` որպես գերակայություն որդեգրած հայաստանյան քաղհասարակության ներկայացացիչների կողմից արդարացի ու համարժեք պատասխան միջազգային հարթակներում սեփական շահերից բխող և միակողմանի գործունեություն իրականացնող այսպիսի ՀԿ-ների նկատմամբ:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել