Հրապարակվել է հերթական զեկույցը, համաձայն որի՝ «FBI»-ը (Բյուրո) լուրջ բացթողումներ է թույլ տվել Թրամփի դեմ իրականացվող քննության ընթացքում` նախընտրական փուլում: ԱՄՆ 2016թ. ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության կասկածով Բյուրոյի կողմից Թրամփի նախընտրական ամբողջ արշավի ընթացքում փորձ էր կատարվում կապ գտնել Թրամփի թիմի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների միջև:

Թրամփի դեմ ընթացող իմպիչմենտի ֆոնին ծավալուն, գրեթե 500 էջանոց նոր զեկույցը հրապարակել է արդարադատության քարտուղարության գլխավոր ինսպեկտորը: Քննության պատճառ էին դարձել Բյուրոյի կողմից 2016 թվականին Թրամփի նախընտրական արշավի ժամանակ իրականացված մի շարք օպերատիվ գործողություններ, որոնք Թրամփն անվանում էր նախընտրական քաղաքական հետապնդում: Չնայած որևէ ապացույց չկա, որ գործողությունների սկիզբը պայմանավորված էին քաղաքական ենթատեքստով, այդուհանդերձ, զեկույցը նշում է, որ Բյուրոն լուրջ խախտումներ է իրականացրել վարույթի ամբողջ ընթացքում:

Զեկույցը երկու կողմերի համար էլ ձեռնտու կետեր է պարունակում: Սենատի դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը հայտարարել է, որ հետաքննության հիմքերը օրինական են, իսկ Բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին ասում է, որ Բյուրոյի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները մտացածին են:

Թրամփի նախնական գնահատականն այն է, որ զեկուցը ապացուցում է այն խայտառակությունն ու անարգանքը, որը իրականացվել է իր դեմ նախընտրական արշավի ամբողջ ընթացքում Բյուրոյի կողմից:

Ցանկացած պարագայում զեկույցը 17 կետով ապացուցված է համարում Թրամփի դեմ իրականացված գործողությունների հակաօրինական լինելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել