Սիմոն Վիզենտալն է: Մարդ ումից սարսափում էին փախուստի դիմած նացիստական հանցագործները: Վիզենտալը այն անհատն էր, ով Երկրորդ աշխարհամարտից հետո սկսեց զբաղվել պատասխանատվությունից խուսափած նացիստ հանցագործների որոնման աշխատանքներով: Վիզենտալը ինքն իր մաշկի վրա էր զգացել նացիստների դաժանությունները: Այդ իսկ պատճառով չէր պատրաստվում ներել նրանց: Չնայած այն բանին, որ աշխարհամարտի ավարտից հետո Նյուրնբերգյան դատավարության շրջանակներում որոշ նացիստների պատժվեցին՝ այնուամենայնիվ հանցագործների մի ստվար զանգված կարողացավ փախչել՝ գլխավորապես Հարավային Ամերիկա, որտեղի բռնապետական ռեժիմները սիրահոժար կերպով էին ընդունում նացիստ հանցագործներին: Այնտեղ էին փախչել այնպիսի հանցագործներ ինչպիսիք էին Հրեական հարցի վերջնական լուծման ճարտարապետ կայսերական անվտանգության կոմիտեյի անդամ օբերշտուրբանֆյուրեր Ադոլֆ Էյխմանը և Օսվենցիմի «Մահվան հրեշտակ» բժիշկ Յոզեֆ Մենգելեն: Բացի նրանցից բազմաթիվ այլ հանցագործներ որոնց փնտրտուքներով սկսեց զբաղվել Վիզենտալը: Պատերազմից առաջ նրա ընտանիքը ապրում էր Լվովի շրջակայքում՝ ռեպրեսիաների ենթարկվեց ՆԿՎԴ-ի կողմից: 1941թ. գերմանական հարձակումից հետո արդեն նրա ընտանիքը հետապնդվում էր Գեստապոյի կողմից: Վիզենտալի ընտանիքի տասնյակ անդամներ ներառյալ մայրը իրենց մահը գտան գերմանական ճամբարներում: Ինքը Վիզենտալը պատերազմի մի հսկայական ժամանակաշրջան անցկացրեց տարբեր ճամբարներում, որոնցից վերջինը Ավստրիայում գտնվող Մաութհաուզենի մահվան համակենտրոնացման ճամբարն էր: Իր ազատման պահին՝ 37-ամյա Վիզենտալը կշռում էր մոտ 40 կգ և գտնվում էր մահացող կալանավորների խցիկում: Այնուամենայնիվ ազատումից շաբաթներ անց նա կազդուրվեց և իր ծառայությունները առաջարկեց ամերիկյան հետախուզությանը: ԱՄՆ-ն և դաշնակիցները շահագրգռված էին թեկուզ ցուցադրական գործողություն իրականացնել նացիստ հանցագործների հանդեպ: Վիզենտալը ավելի լրջորեն սկսեց զբաղվել նացիստների հայտնաբերումով՝ Նյուրնբերգյան դատավարությունից հետո, երբ պարզ դարձավ որ Երրորդ ռեյխի բարձրագույն և միջին օղակի շատ հանցագործներ կարողացել են փախչել և խուսափել պատժից: Նա իր ընկերների հետ ավստրիական Լինցում ստեղծեց «Դոկումենտալ կենտրոն», որը զբաղվում էր պատժից խուսափած հանցագործների վերաբերյալ տեղեկություններ հայթայթելով: Որոշ ժամանակ անց կենտրոնը փակվեց, իսկ բոլոր հավաքված փաստաթղթերը Վիզենտալը փոխանցեց Իսրայելին: Հետագայում, երբ իսրայելական «Մոսսադ»-ը սկսեց զբաղվել Ադոլֆ Էյխմանի փնտրտուքներով՝ Վիզենտալը իր մոտ եղած թղթապանակը հանձնեց նրանց: Հենց Վիզենտալը հուշեց, որ Էյխմանի հետքը պետք է փնտրել Արգենտինայում: 1960թ. հրեա գործակալները Էյխմանին գաղտնի կերպով ձերբակալեցին և տեղափոխեցին Իսրայել՝ դատաստանի: Վիզենտալի հետագա գործունեությունը վերելք ապրեց: Նրա հետաքննության շնորհիվ վերաբացված իր հայտնի կենտրոնը շուրջ 1100 նացիստ հանցագործների մասին տեղեկություններ էր հավաքել և տրամադրել տարբեր երկրների դատախազություններին: Նա կարողացավ հայտնաբերել և դատարան հասցնել Տրեբլինկայի և Սոբիբորի դահիճ Ֆրանց Շտանգալին, որի ղեկավարությամբ, Տրեբլինկայում մոտ 750 հազար մարդ էր սպանվել: Նա կարողացել էր հայտնաբերել Նյու Յորքում այլ անվան տակ ապրող Հերմինա Բրաունշթայներին, ով Մայդանեկում հարյուրավոր երեխաներ էր սպանել: 1963թ. նրա օգնությամբ ձերբակալվեց Կառլ Զիլբերբաուերը, ով հայտնի էր նրանով, որ ձերբակալել էր 14-ամյա հրեա Աննա Ֆրանկին, ով մահացավ Օսվենցիմում: 1966թ. դատարանի առաջ հայտնվեցին ՍՍ-ի նախկին 16 սպաներ, որոնցից 9-ը հայտնաբերվել էին Վիզենտալի օգնությամբ: Վիզենտալի ջանքերով հայտնաբերվեցին նաև «Վիլնյուսի դահիճ» ֆրանց Մյուրերը և Էրիխ Ռայակովիչը: 1977թ. ստեղծվեց «Սիմոն Վիզենտալի կենտրոն» կազմակերպությունը, որը նույնպես զբաղվում էր նացիստ հանցագործների փնտրտուքներով: Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է, որոնց մեջ ամենահայտնիներից էին «Մարդասպանները ապրում են մեր մեջ» և «Արևածաղիկ» գրքերը: «Արևածաղիկ» գրքում Վիզենտալը պատմում էր իր փորձը որը նա ունեցել էր ուկրաինական Յանովի համակենտրոնացման ճամբարում և Լվովյան գետոյում: Նրան իր մի քանի կալանավորների հետ տեղափոխում են քաղաքի զինվորական հիվանդանոց՝ աշխատանքներ իրականացնելու համար: Վիզենտալը պատմում է, որ աշխատանքների ժամանակ նա մահացող ՍՍ-ի զինվորականի է հանդիպում, ով խնդրում է լսել իրեն: Զինվորականը պատմում է իր կատարած հանցագործությունները և նշում է, որ զղջում է իր արածների համար: Նա խնդրում էր, որ Վիզենտալը որպես հրեա ների նրան: Վիզենտալը դուրս է գալիս սենյակից և դիպվածը պատմում իր ընկերներին: Նրանք նշում են, որ Վիզենտալը ճիշտ է վարվել չներելով հանցագործին: Հետագայում երբ հայտնվելով Մաութհաուզենոմ ծանոթացավ լեհ կալանավորի հետ, ով նշում էր, որ եթե հանցագործը զղջում է կարելի է ներել: Այս ստեղծագործությունը Վիզենտալը ավարտում է հետևյալ տողերով «Իսկ դուք իմ փոխարեն ի՞նչ կանեիք»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/2673651162684141?notif_id=1575837838035691¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել