168.am-ը գրում է.

«Մտածելով, թե թերևս պարոն Ծառուկյանը միգուցե լավ տեղեկացված չէ, զանգեցի և գործընկերներիցս տեղեկացա հանդիպման մանրամասների մասին: Թե ինչ եղավ հետո՝ շատ հուզիչ էր: Պարզվեց՝ շեյխը շեյխ չէր, հանդիպմանն էլ եկել էին նրա ներկայացուցիչները»,- լրագրողնեիի հետ հանդիպումը սկսելիս ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Կարապետյանը ճեպազրույց հրավիրել էր այն բանից հետո, երբ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան« խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ցույց տվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ստորագրությամբ Աբովյան 5 հասցեում հյուրանոցի նախագծման թույլտվության վերաբերյալ փաստաթուղթը՝ հավելելով, որ ոչ թե Ծառուկյանը, այլ Մարությանը չի տիրապետում ինֆորմացիային:

«Այսօր պարոն Ծառուկյանը մի հրաշալի հայտարարություն արեց՝ ասելով, թե քաղաքապետ Հայկ Մարությանն իրեն թույլտվություն տվել է: Շնորհակալություն իրեն՝ մանրամասների մասին խոսելու առիթ տալու համար: Խոսում ենք 2 փաստաթղթի մասին՝ նախագծման թույլտվության՝ ԱՊԶ-ի և շինարարական թույլտվության մասին: Որ պարզ լինի, նախագծման թույլտվությունը շինարարական աշխատանքները սկսելու թույլտվություն չէ: Միայն շինթույլտվությունն է, որ թույլ է տալիս հողի վրա աշխատանք իրականացնել»,- ասաց Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ դա շատ պարզ բան է, որը գիտեն ոչ միայն  մասնագետները, այլև՝ ոչ մասնագետները ևս, ու Ծառուկյանը ԱՊԶ-ն երևի շփոթել է շինթույլտվության հետ:

Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը նաև ասել էր, թե շինթույլտվությունը ստացել է այն օրերին Երևանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանից:

«Շինթույլտվություն տալիս է համայնքապետը: Մենք Նարեկ Սարգսյան անունով քաղաքապետ չենք ունեցել»,- ասաց Կարապետյանը:

Ըստ քաղաքապետի մամուլի խոսնակի՝ «Մուլտի գրուպ» ընկերությանն Աբովյան 5 հասցեում շինարարություն իրականացնելու թույլտվություն տվել էր Տարոն Մարգարյանը 2018թ. փետրվարի 16-ին: Բայց փետրվարի 19-ին Վարչական դատարանը վարույթ է ընդունել այս հասցեի հարևանությամբ բնակվող քաղաքացու հայցը՝ ընդդեմ «Մուլտի Գրուպի», ու շինարարությունը կասեցվել է:

«Մեր կառուցապատողները, ինչպես ցանկացած «շուստրի տղա», փորձել են շրջանցել օրենքը, և այդտեղ իրականացրել են կառուցապատում: 2018թ. հունիսի 16-ին ես Ֆեյսբուքում գրառում եմ արել ու Ավետիք Էլոյանի ուշադրությունն եմ հրավիրել Աբովյան փողոցում իրականացվող ինտենսիվ շինարարության վրա»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Մամուլի խոսնակի ձեռքում նաև փաստաթղթեր էին, որոնցում, ըստ նրա, նշված էին այդ ընթացքում շինարարություն իրականացնողների տուգանքների մասին՝ 200.000 և 2 միլիոն դրամով:

Այդուհանդերձ, խոսնակը չի ժխտում, որ 2019 թվականի ապրիլին քաղաքապետը տվել է նախագծման թույլտվություն: Բայց դրանից հետո, ըստ նրա, շինթույլտվություն սկսելու դիմում քաղաքապետարանը չի տվել: Կարապետյանի համար ամեն ինչ շատ պարզ է, բայց. «Ունենք ամեն օր նորանոր փուչիկներ, որոնք շատ հեշտությամբ տրաքացվում են»:

Անդրադառնալով Ծառուկյանի մեկ այլ հայտարարությանը, թե ներդրողները Երևանի քաղաքապետի և ճարտարապետի հետ հանդիպումից հիասթափված են հեռացել ու կասեցրել են ներդրումները, ասաց, թե հանդիպման մանրամասներն էական չեն, քանի որ կարծում է, որ լուրջ չէ պատկերացնել, որ բազմամիլիարդանոց ներդրումներ անող մարդիկ այդքան «նեղացկոտ» են:

Կարապետյանը վստահեցնում է՝ իրենց համար կարևոր են ներդրումները, ոչ թե ներդրողների տիտղոսները, ու ավելացնում է. «Ստիպված ենք խոսել, պարզաբանումներ տալ: Սա, ներողություն, բայց մեր սկսած խաղը չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել