Ամանորին հաշված օրեր են մնացել, շատերի համար սա ամենասպասված տոնն է, ոմանք էլ կարևորություն չեն տալիս տոնին: Այս թեմայով BlogNews.am-ը զրուցել է դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանի հետ. «Ամենաշատը Ամանորը չեմ սիրում․ երևի թե Հայաստանում եմ նշում, դրա համար: Ավելի շատ կենտրոնանում են սեղանի պարունակության, ուտելիքի վրա, քան ինչ-որ փոփոխությունների, ընկերների հետ անցկացնելու: Շատերը հարևանի աչքը ծակելու մասին են մտածում: Իմ ընտանիքում, բարեբախտաբար, նման խնդիր չկա: Ամեն ինչ միշտ անցել է շատ գեղեցիկ: Սիրում ենք ընտանիքով նշել, հետո միանում ենք մեր ընկերներին»:

Շատերն Ամանորը սիրում են հետաքրքիր եռուզեռի, տոնածառի զարդարանքի, ինչպես նաև իրար նվերներ անելու համար. «Ես ընդհանրապես կապ չունեմ այդ եռուզեռի հետ: Մայրս չի թողնում, որ խոհանոց մտնեմ, որովհետև խանգարում եմ և ինչ-որ մի բան փչացնում եմ: Վերջին երեք տարին այնպես է ստացվել, որ դեկտեմբերի 31-ին ես աշխատել եմ: Նույնիսկ ինձ ասում են՝ դու ավելի լավ է գնաս գործի, քան տանը մնաս և մեզ խանգարես: Ինչ վերաբերում է նվերներին, սիրում եմ հարցնել, որպեսզի պետքական նվեր առնեմ»:

Մոդելն սկսել է այլևս չթաքցնել, որ սիրելի ունի, չնայած դեռևս չի հրապարակել նրա լուսանկարը: Այն հարցին՝ արդյո՞ք այս տարի սիրելիի է հետ անցկացնելու Նոր տարին, թե ոչ, նշում է. «Դեռ չենք պլանավորել, որովհետև դեռևս չենք խոսել այդ թեմայով: Նույնիսկ ինձ հայտնի չէ, թե ինչպես ենք նշելու այս տարի»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել