168.am-ը գրում է.

Վերջին  ամիսներին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում կտրուկ ակտիվացում հակառակորդի կողմից չի նկատվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են իրատեսական նախիջևանյան թևում Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների մասին կանխատեսումները: Ըստ Հովհաննիսյանի՝ ներկա  ֆոնը կպահպանվի, այլ հարց է, որ վերջին տարիներին Ադրբեջանը պասիվ վիճակից  բավականին ակտիվացրեց նախիջևանյան գործոնը՝ այդ հատվածում լարվածության որոշակի օջախներ ստեղծելով:

«Չնայած, ինչպես ցույց են տալիս քարտեզները, ադրբեջանական կողմը ոչ բոլոր դիրքերում է ամրացել, որոնք 2018-ին կարողացել էին վերցնել միջդիրքային տարածությունում: Դա կապված է ձմռան սեզոնին թիկունքային, լոգիստիկ ապահովման խնդրի հետ: Իհարկե, ավելի մոտեցել են, և լարվածություն կարող է լինել, բայց դրանից ավել՝ դժվար է ինչ-որ բան պատկերացնել: Ի՞նչ ենք ուզում ասել՝ Նախիջևանից հարձակո՞ւմ, իմաստ չունի, քանի որ, նախ՝ իրենց ռելիեֆը թույլ չի տալիս: Եվ հետո՝ դա իրենց համար այնքան էլ լավ ելք չի ապահովի: Այսինքն՝ այդտեղ միակ հարմար միջանցքը Երասխի ուղղությունն է, որը բավականին փոքր է, նեղ, երկրորդ՝  այդտեղից ոչ շատ հեռու  ռուսական սահմանապահներն են՝ Թուրքիայի հետ սահմանն է սկսվում: Այսինքն՝ բացարձակ հարմար ուղղություն չէ լայնամասշտաբ հարձակում սկսելու համար, հատկապես, երբ որոշ տեղերում լեռնային գոտի է, ուստի այդտեղից հարձակում սկսելն իրենց ոչինչ չի տա, ոչ մի առավելություն: Այլ հարց է՝ եթե լինի մեծ  լարվածություն Արցախում, միգուցե այս հատվածում՝ Նախիջևանի ուղղությամբ,  հակառակորդը կավելացնի լարվածության օջախները: Բայց պետք է շատ մեծ լարվածություն լինի, 2016-ին՝ Ապրիլյան պատերազմի օրերին,  Նախիջևանի ուղղությամբ բավականին պասիվ էր, որևէ գործողություն այստեղից տեղի չունեցավ»,- պնդեց Տարոն Հովհաննիսյանը:

Փորձագետը վստահեցրեց, որ այսօր նախիջևանյան հատվածում հայկական զինված ուժերը բավականին լավ դիրքերում են տեղակայված: Ավելին՝ հայկական և ադրբեջանական ուժերը  դիրքային առումով  հավասար մակարդակում են՝ առավելությունը ոչ մեկի կողմում չէ:

Նախիջևանյան թևում տարածքներ կորցնելու խոսակցություններին ի պատասխան՝ Տարոն Հովհաննիսյանն ակնարկեց, որ անդրադարձ չի կատարվել հայկական կողմի ձեռքբերումներին, և խոսվել է միայն  Ադրբեջանի գործողություններից:

«Երբ մենք էինք միջդիրքային տարածքում բավականին լավ դիրքեր վերցրել, մենք դա չփիառեցինք, Ադրբեջանն արեց: Մենք էլ այդ հատվածում բավականին շատ ադրբեջանական բնակավայրերի և ճանապարհների ուղղությամբ ենք նայում: Կան դիրքեր, որ մեր զինված ուժերը բավականին վերևից են նայում Ադրբեջանի դիրքերին և մինչև հատակը տեսնում են՝ ադրբեջանցի զինվորներին էլ հետը: Այնպես որ, այստեղ ոչ մի կողմ մյուսի համեմատությամբ առավելություն չունի, իրադրությունը հավասար է: Եվ ակտիվ գործողությունների դեպքում իրենք էլ բավականին տուժելու են, ինչը հասկանում են: Այսինքն՝ այս թևում անընդհատ վերադասավորումներ են ընթանում»,- նշեց ադրբեջանագետը:

Անդրադառնալով նախիջևանյան հատվածում թուրքական գործոնին, Տարոն Հովհաննիսյանը հիշեցրեց՝ Նախիջևանում թուրքական զինուժ չկա, իսկ թուրքական գործոն եղել է դեռ 1990-ականներից:

«Կան 50-60 զինծառայողներ, որոնք տարբեր մարզումներ են իրականացնում՝ գալիս-գնում են, բայց թուրքական զինուժ Նախիջևանում չկա, սրա հնարավորությունն  էլ չկա, քանի որ խանգարող շատ հանգամանքներ կան: Այո, կա թուրքական սպառազինություն, Ադրբեջանը վերջին տարիներին Թուրքիայի հետ ինտենսիվ զորավարժություններ, մարզումներ  է անցկացնում: Նախիջևանից ոչ շատ հեռու, այո, ստորաբաժանումներ կան՝ Թուրքիայի տարածքում: Իրենք, կրկնում եմ՝ ավելի շատ փորձում են մարզումներ, վերապատրաստումներ և լոգիստիկ  ապահովում իրականացնել Նախիջևանի առանձին համազորային բանակի, քանի որ Ադրբեջանի կողմից դա իրականացնելը բարդ է մի քիչ, անգամ՝ անհնար, քանի որ Իրանի տարածքով պետք է անեն, որտեղով չգիտեմ որքանով  է հնարավոր զենքի տեղափոխումը, նման բան չի եղել մինչ այժմ: Այդտեղ մնում է Թուրքիայի հետ սահմանը և փոքր կապը, և եթե թուրքական զենք ես տեղակայում այդտեղ, ավելի հեշտ է մատակարարումն իրականացնել, այդ թվում՝ սննդային: Դրանից ավելի Թուրքիայի կողմից միջամտություն չենք տեսել: Սա էլ քիչ չէ, բայց ուղիղ միջամտության նշաններ չենք նկատել: Ի վերջո, սա միայն Թուրքիայի որոշելիքը չէ»,- եզրափակեց փորձագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել