Ստիպում եք գրել:
Գրիբոյեդո՛վ: Կամ Սնկակերյան:
Ոչ մի, հետին իսկ միտք չունեմ համարելու արձանի ներկելը մի մեծ հայրենասիրական գործողություն, բայց...
Նաև բացարձակ անհասկանալի է ինձ սրբազան վրդովմունքն ու բացականչական տրամադրությունն այս, մեծ հաշվով, կոմիկ իրադարձության շուրջ:
Ուրեմն, նախ՝ ճիշտ կլինի՝ մի քիչ թուլանանք ու մի քիչ սառենք: Արձանները կարմիր ներկից չեն մեռնում:
Հետո մի հատ հասկանանք՝ ո՞վ էր այդ մե՜ծն, ահավոր մեեեծն Գրիբոյեդովը: Ռուսական մի չինովնիկ և տասներորդական կլասի մի գրող: Հանգիստ, մի վրդովվեք: Սա ընդամենը փաստ է: Անկախ արձան ներկելու պատմությունից՝ նախ՝ մարսենք այդ փաստը: Համաշխարհային պատմության տեսակետից Գրիբոյեդովը ոչ ոք է, մի դատարկ տեղ: Որպես գրող՝ նա ոչ մեկին պետք չէ՝ բացի գրականության պատմության արխիվիստներից: Որպես գործիչ, մեծ հաշվով, նույնպես: Սա անցանք: Սրբազան սարսուռը թարգեցինք մի անվան առաջ, որը ոչինչ արժի:
Երկրորդ՝ մեր սիրեի ռուս ընկերները իրենց միայն հայտնի կամ անհայտ պատճառներով որոշել են մի իսկական արշավ սկսել Նժդեհի հիշատակի դեմ: Էլ Ալիևի ձեռը թուղթ են տալիս, խոսացնում, էլ «Ռեգնում»-ում անիմաստ ու երկար հոդվածներ են գրում, նույնիսկ հանձնաժողով առաջարկում ստեղծել Նժդեհի հարցով: Սադրանք են կազմակերպում Արմավիրում... Այսքանից հետո համարել, որ սա մտածված քաղաքականություն չէ... Եսիմ: Դե, եթե շատ եք ուզում, կարանք:
Հիմա:
Մենք հայերս մի մազալու ու հուզիչ սովորություն ունենք: Մեզ միշտ թվում է, որ ռուսները, ամերիկացիները, մյուսները չեն հասկանում՝ ինչ են անում: Իրանք չեն հասկանում, որ մենք լավն ենք, իրանց շատ ենք սիրում: Այ, որ մենք լավ բացատրենք, բաց նամակ գրենք Գորբաչևին, Հռոմի պապին, Թրամփին, իրանք կհասկանան: Մոլորության մեջ են:
Սրանով, ի դեպ, մենք ավելի ենք վիրավորում ռուսներին ու մյուսներին, քան ընկեր Սնկակերյանի արձանը կարմիրով զարդարելուց: Որովհետև մենք՝ մի բուռներս, մտածում ենք, որ դարավոր կայսրությունը մեզնից հիմար է, ու չգիտի, թե ինչ է ուզում: Լուրջ, մի պահ մտաբերեք:
Հիմա էս իմաստով Շահենի արածը թեկուզ և նույնպես մանկամիտ կարող եք գնահատել, բայց պատկերացրեք՝ նույնիսկ դա ավելի ադեկվատ է, քան մտածել, որ ռուսներն ուղղակի մոլորվել են Նժդեհի հարցում, և մենք իրանց պետք է բացատրենք: Ռուսները կամ ռուսական մի ազդեցիկ խումբ գիտակցված սադրում է, «բզբզում է»: Ու դրան ի պատասխան՝ մի քիչ ատամ ցույց տալն ավելի համարժեք է իրավիճակին, քան «օ՛, մեծն Գրիբոյեդով» թեմայով տառապելը: Լավ, գոնե Դոստոևսկի լիներ: Չնայած ինձ, ճիշտն ասած, Դոստոևսկին էլ մեկ է, բայց նա գոնե իրոք համաշխարհային ճանաչում ունեցող գրող է:
Ատամ ցույց տալ էր, թե ոչ, արձան նախշելը, չգիտեմ, բայց, համենայն դեպս, ողբերգության առիթ չեմ տեսնում: Կարելի է ծիծաղել, կարելի է ժպտալ, կարելի է անտարբեր անցնել կողքով: Բայց սրբազան վրդովմունքը հաստատ էն ռեակցիան չէ, որն այստեղ սազական է:
Ասենք, թե մի դմբո էնտեղ Նժդեհի հուշատախտակն է վնասել, ստեղ էլ մեկը Գրիբոյեդովին է ներկել: Հետո՞: Ի՞նչն է այստեղ այդքան ահասարսուռ:
Գրիբոյեդով ակումբը ձեզ ուտի...
Բա որ շվեդական Մարդուկ բլեկ-մետալ խմբի վերջին ալբոմը լսած լինեիք, ի՞նչ էիք անելու: Յանի էդքան նուրբ մի եղեք: