Pastinfo.am-ը գրում է.

Ձեր իշխանությունը վստահու՞մ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին։ Ձեր իշխանությունը վստահու՞մ է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, վստահու՞մ է Հաշվեքննիչ պալատի նախագահ, Սերժ Սարգսյանի ընկեր Լևոն Յոլյանին, վստահու՞մ եք Վանաձորի մանդատագողությամբ ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, վստահու՞մ եք Գյումրիի կեղծիքներով ընտրված պարոն Բալասանյանին։ Այս ցանկը կարող եմ շարունակել։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցմանն ու ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Երկու տարբերակ կա։ Առաջին տարբերակ ասում եք, որ վստահում եք այդ մարդկանց, տարբերակ երկրորդ, եթե չեք վստահում, ապա ինչու չեք բերում նախագծեր՝ իրենց էլ փող տաք, որ այդ տեղերը նորմալ, հեղափոխությունից հետո եկած, ժողովրդի վստահությունը վայելող, անկաշկանդ, անկախ մարդիկ ընտրվեն»,-հավելեց պատգամավորը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նկատեց՝ այդ հարցերը սույն նախագծի քննարկման հետ կապ չունեն. «Կոնկրետ նախագիծ ենք քննարկում, կոնկրետ նախագծի հիմնավորումների աղբյուրը նախագծին կցված հիմնավորումներն են, որում կոնկրետ նշվում է՝ այս նախագծի նպատակը որն է։ Անձանց վերաբերյալ վստահության վրա չի խարսխված այս նախագծի էությունը։ Վկայակոչեցի 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հիմնավորումները, որում կոնկրետ նշվում է, թե որ մոդելի ներդրման անհրաժեշտությունն ինչով է պայմանավորված։ Ըստ էության այս նախագիծն ուղղված է այդ մոդելի կյանքի կոչմանը։ Մեզ պետք է անկախ սահմանադրական դատարան, իսկ այն դեպքում, երբ ՍԴ դատավորների մի մասը մի ժամկետ է պաշտոնավարում, մյուս մասը՝ մեկ այլ։ Վարչական մակարդակում այնքան լծակներ կան կենտրոնացված, որմյուս դատավորների իրենից անկախությունը լուրջ կասկածի տակ է»,-նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ նախագիծն անձերի մասին չէ, այն ինստիտուտների, արժանահավատության և այդ ինստիտուտների իրենց առաքելությունն իրագործելու մասին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել