168.am-ը գրում է․

168 TV «Ռեվյու» հաղորդման ժամանակ «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ զրուցել ենք ավտոներկրողների վերջին բողոքի ակցիաների մասին՝ կապված Գյումրու ավտոմաքսատան հետ:

«Գյումրի մեկնելը ծախսատար է, մոտ 100.000 դրամի ծախս է: Դրա մասին բողոքում են և՛ անհատները, և՛ այն ընկերությունները, որոնք բեռնափոխադրումով են զբաղվում, որովհետև անգամ վարորդները, որոնք Փոթիից մեկնում են Երևան, նրանք հավելյալ ծախս են ուզում մինչև Գյումրի, իսկ Գյումրիում մաքսազերծելուց հետո Երևան չեն վերադարձնում: Պատվերները բոլորը Երևանից են, Երևանի բնակիչներն ասում են՝ ես Գյումրի չեմ գնա, ես տվել եմ 1800 դոլար, մեքենան իմ փողոցը բերեք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ մոտ 2 տարի Լոռու մարզի բնակիչը մեքենան մաքսազերծում էր Վանաձորում, իսկ Շիրակի մարզի բնակիչը՝ Գյումրիում:

«Ես զարմանում եմ, որ գրում են՝ բա, որ մենք գալիս էինք Երևան, ո՞նց էր: Ոչ ոք չի եկել, գնացել են Վանաձոր կամ Գյումրի, իսկ հիմա բոլորիս քշում են Գյումրի, ինչո՞ւ: Դա ծախսատար է»,- ընդգծեց նա:

Նա նշեց, որ ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հետ հանդիպումը որևէ արդյունք չի տվել. «Պարզապես հարցերն ենք ներկայացրել, որևէ լուծում չենք ստացել, բոլոր հարցերին էլ նա զարմացած է նայել»:

Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ ղազախները մեկնում են Վրաստան, մեքենա են գնում, մաքսազերծում, մեկնում են Դուբայ. «Այնտեղ էլ մեզ տեղ չեն թողնում: Հիմա պետությանը բացատրում ենք, ասում ենք՝ դու չե՞ս կարող մի հատ սոցքարտ ուզել նրանից, էդ ինձանից ինչո՞ւ ես ուզում, իրենից էլ ուզի»:

«Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահն ասաց, որ շարունակելու են իրենց ակցիաները. «Շուկաներից մի քանի հազար մեքենա կտեղաշարժենք, կփակենք քաղաքը: Այսինքն՝ տասնյակ-հազար մեքենաներ կշարժվեն դեպի քաղաք»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել