Pastinfo.am-ը գրում է.

«Առողջապահական ապահովագրության հարցի հետ կապված տարբեր ժամանակներում ասել են՝ վաղ է, որովհետև համակարգը պատրաստ չէ, վաղ է, որովհետև երկրի ՀՆԱ-ն դեռ այդքան մեծ չէ, մարդաշնչով ՀՆԱ-ն մեծ չէ, չկան համապատասխան ֆինանսավորման մեխանիզմներ, աջակցող էլեկտրոնային համակարգեր և այս մոտեցումները կարելի է տարածել նոր ներդրվող ցանկացած համակարգի վրա։ Համակարգ ներդրվելուց միշտ ինչ-որ բան փոխվում է և ասել, որ վաղ է, եկեք հետաձգել ևս 5 տարով՝ սխալ է»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ պետք է հասկանալ՝ արդյոք ուզում ենք, որ ՀՀ բոլոր բնակիչները, որ հարկեր են վճարում ունենան առողջապահական ծածկույթ. «Եթե ուզում ենք, ապա դրան աջակցող համակարգերի ներդրման վերաբերյալ կարող ենք բանավիճել մեկ տարի, երկու տարի, նույնիսկ տասը տարի, եթե պարզենք, որ այդ 10 տարին է անհրաժեշտ ներդրումն անելու համար, բայց սկզբունքը պետք է լինի դա, և թե՛ առողջապահական համաշխարհային հանրույթը և թե մեր կառավարության քաղաքականությունն այն է, որ պետք է ընդգրկել որքան հնարավոր է շատ մարդու։ Ավելին` ասեմ, այդ ներդրումը կարող է լինել փուլերով»։
Առողջապահության նախարարը նշեց, որ աշխատավարձից պահվող տոկոսը հաշվարկի արդյունք է, որը բխել է անհրաժեշտ գումարի պակասորդը լրացնելու նպատակից։
«Հաշվարկվել է 3 մլն մարդու համար ինչքան գումար է անհրաժեշտ, հանվել է այն գումարը, որ պետությունն այսօր արդեն տրամադրում է և հաշվարկված գումարից հանվել է պետական մասնակցությունը, որն, ի դեպ, մնալու է 45%-ի շրջանակներում։ Հաշվարկվել է աշխատող քաղաքացիների համախառն եկամուտից որոշակի տոկոս։ Հիմա Կառավարությունն, ԱԺ-ն կարող են որոշել, որ մեզ պետք չէ այդ համակարգը, բայց դրանից հետո կառաջանա հաջորդ հարցը՝  ինչպես է պետությունը հոգալու քաղաքացու առողջական ծախսերը։ Եթե այնպես, ինչպես հիմա (կարծում եմ բոլորդ գիտեք՝ հիմա ինչպես է տեղի ունենում), նույնիսկ սովորական քաղաքացին, որն ունի նորմալ եկամուտ 200-300 հազար դրամ կամ նույնիսկ 500 հազար դրամ ամսեկան, կարող է այնպիսի աղետալի ծախսերի ենթարկվել, որը կարժենա 7-ից 8մլն դրամ։ Հիմա մենք մտածե՞նք, որ այդ մարդու ծախսերն աղետալի չլինեն, թե՞ չմտածենք։ Մեր խնդիրը մտածելն է, որ քաղաքացիներն ունենան ֆինանսական պաշտպանվածություն»,-ասաց Արսեն Թորոսյանը։
Նա շեշտեց, որ ինչքան շատ մարդ լինի համակարգում, այնքան այն լինելու է ավելի հասանելի, մատչելի ու որակյալ. «Դա չի նշանակում, որ հենց այդպես էլ կլինի, բայց առնվազն տեսությունն ու միջազգային փորձը դրա մասին են խոսում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել