Շուտով կլրանա մեկ տարին, ինչ հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն: Մինչ այդ Ղազարյանը հանդիսանում էր «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակը և վարողը:

Պետրոս Ղազարյանի ղեկավարման ընթացքը մշտապես նշանավորվում է Հանրային հեռուստաընկերության կողմից քաղաքական և հասարակական դաշտի և գործիչների ոչ պատշաճ լուսաբանմամբ, կողմնակալ վերաբերմունքի դրսևորմամբ, ոչ չեզոք նյութերի, հաղորդումների պատրաստմամբ և ներկայիս իշխանությունների պրոպագանդայով: Գլխավոր դերը դարձյալ Ղազարյանինն է:

Պարզվում է, որ, բացի կողմնակալ լրատվություն մատուցելու մոլուցքից, Ղազարյանը նաև շատ է սիրում խաղատներ այցելել: Դեռևս 2019 թվականի ապրիլին մամուլում լուրեր տարածվեցին, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ վարչություն) գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի Նար-Դոսի փողոցում ապօրինի գործող խաղատուն են հայտնաբերել: Մեր ունեցած տեղեկություններով՝ ոստիկանների գործողության ընթացքում խաղատանն է եղել նաև Պետրոս Ղազարյանը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Պետրոս Ղազարյանի անունը հետագայում հանվել է ոստիկանների գործողության ընթացքում խաղատանը եղած անձանց ցուցակից: Սա ամենը չէ:

Պետրոս Ղազարյանին հաճախ աշխատանքային ժամերին կարելի է տեսնել Կասկադի հարևանությամբ գործող սրճարաններում նարգիլե ծխելիս: Հատկանշական է, որ Ղազարյանի տրամադրության տակ է գտնվում Audi Q5 մակնիշի լրիվ նոր վիճակում գտնվող ավտոմեքենան, որը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, հայտնի օլիգարխներից մեկի կողմից է գնվել և նվիրվել Պետրոս Ղազարյանին: Մեքենայի արժեքը, ըստ մեր տեղեկությունների, 50.000 ԱՄՆ դոլար է:

Ըստ այդմ էլ՝ շատ հարցեր են առաջանում. ինչո՞ւ է աշխատանքային ժամերին Պետրոս Ղազարյանը նարգիլե ծխում Կասկադի սրճարաններում, ի՞նչ պայմանների և երաշխիքների դիմաց են նրան նվիրել կամ ի՞նչ միջոցներով է գնել հիշյալ ավտոմեքենան, ինչո՞ւ են իրավապահ մարմինները կոծկել Պետրոս Ղազարյանի` ապօրինի գործող խաղատանը լինելու փաստը, արդյո՞ք այդ մեքենան եղել է նրա տրամադրության տակ, երբ նա գտնվել է խաղատանը, և ի՞նչ պայմանով է նրա անունը հանվել խաղատանը գտնվող անձանց ցուցակից:

Հիշեցնենք, որ Պետրոս Ղազարյանն իր ընտանիքում միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ: Ղազարյանի կինը` Ժաննա Անդրեասյանը, այս տարեսկզբին վարչապետի կողմից նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար: Համաձայն համապատասխան օրենսդրական կարգավորման` փոխնախարարը և նրա ընտանիքի անդամները տարեվերջին ներկայացնում են ունեցվածքի հայտարարագրեր: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ ունեցվածք ունի և ինչ է հասցրել կուտակել Պետրոս Ղազարյանը մեկ տարի պաշտոնավարելուց հետո: 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել