Թուրքիան չպետք է օգտագործի փախստականների խնդիրը ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար, ասել է Եվրախորհրդարանի խոսնակ Դավիդ Սասոլին չորեքշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ ԵՄ-ից բավարար աջակցություն չստանալու դեպքում իր երկիրը կբացի եվրոպական երկրների հետ սահմանները փախստականների համար:

«Այսօր առավոտ ես անկեղծ զրույց եմ ունեցել նախարարի հետ: Ես կրկին հայտարարել եմ, որ ԵՄ-ն խստորեն դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական միջամտությունը: Դա միջազգային իրավունքի լուրջ խախտում է, որը խաթարում է տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը»,- ասվում է Սասոլիի հայտարարության մեջ:

Նա շեշտել է, որ Եվրախորհրդարանը «շարունակում է մեծ ուշադրություն դարձնել մարդասիրական ճգնաժամի լուծմանը»:

«Ես նաև հստակ հասկացրեցի, որ բացարձակապես անընդունելի է պատերազմից և հետապնդումներից փախչող մարդկանց օգտագործել քաղաքական շահի կամ ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել